Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի ծերանոցի հիվանդասենյակում հավաքվածները փորձում էին իննսունն անց զառամյալ էստոնուհուն մի կերպ խոսեցնել։ Եթե կտակ էլ չունենա, գոնե մի բարի խոսք կասի մնացողներին։ Մի քանի լեզվով հարցեր տվեցին, բայց կինը զարմացած հայացքով իրենց էր նայում, մոլորված՝ չգիտեր, ինչպես պատասխանել բժիշկների հարցական կիսաժպիտներին։
-Յոթ լեզու գիտի՝ էստոներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, հայերեն,- շտապեց տեղեկացնել խնամողը։- Արդեն մի քանի ժամ է՝ մոռացել է բոլոր լեզուները, խոսել չի կարողանում, մեզ էլ չի հասկանում։
Մոտալուտ մահվան մահճում իր համր մենախոսությունից հետո կինը միանգամից սկսեց խոսել։ Բոլորը ցնցվել էին. նա խոսում էր ներկաներին անհայտ լեզվով։ Հանկարծ խնամողը ժպիտով պատասխանեց մահամերձին։ Բոլորը շրջվեցին նրա կողմը, իսկ մահամերձը նրան մի թույլ ժպիտով մոտ կանչեց ու հայերենով բոլորին ասաց՝ «Իմ սիրտը հա՛յ է»։ Հայուհին թարգմանեց։ Գերմանացի բժիշկը մի պահ շփոթվեց. «Նման դեպքերում մահամերձը հատկապես իր մանկության լեզվով է խոսում։ Չէ՞ որ հոգեվարքի ժապավենի վերջում մանկութ օրերն են հայտնվում, մայրենի լեզուն, ծնողները, նրանք, ովքեր ամենաթանկն են իր համար։ Այս միայնակ էստոնուհին Գերմանիայում ինչո՞ւ հատկապես հայերեն խոսեց. մի՞թե հայերն են ամենաթանկը իր համար»։ Բժիշկը իր պրակտիկայում թեև նման դեպք չգտավ, բայց ակնհայտ սկսեց հիշողությունը փորփրել։ Գաղթական հայուհին հասկացավ բժշկին և նրան մեկնեց շատ ընթերցելուց արդեն մաշված մի հին օրագիր։ Շապիկին գրված էր՝ «Աննա Հեդվիգ Բյուլ, էստոնուհի միսիոներ»։ Բժիշկը խնդրեց օրագիրը կարճ ժամանակով իրեն տալ, այլապես իր մասնագիտական փորձառությունը կարող է ճաք տալ։
«ԱՆՆԱ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼ։ Ծնվել եմ 1887 թվականի հունվարի 23-ին՝ Էստոնիայի Հապսալու քաղաքում, լյութերական ընտանիքում։ Ընտանիքի ութ զավակներից ես վեցերորդն էի։ Մինչև տասնհինգ տարեկան հաճախել եմ Էստոնիայի կառավարական դպրոց, հետո սովորել Սանկտ Պետերբուրգի բարձրագույն մանկավարժական ինստիտուտում, իսկ Գերմանիայում ստացել եմ միսիոներական կրթություն։ Տիրապետում եմ յոթ լեզուների։
1909 թվականին իմացա Ադանայում հայկական սարսափազդու կոտորածների մասին։ Որոշեցի մեկնել ինձ համար անհայտ ու հեռավոր այդ երկիրը՝ կոտորածների հետևանքով որբացած քրիստոնյա երեխաների փրկության գործին մասնակցելու։ Իհարկե, ծնողներիս համար, հատկապես հորս, ով քաղաքապետ էր, ուներ սեփական ջրաբուժարաններ և արիստոկրատ շրջապատ, հեշտ չէր 24-ամյա հարսնացու աղջկա նման զոհողությանը համակերպվելը, բայց ես համառեցի։
Կիլիկիա տանող կառքը անցնում էր ամենախոր կիրճի նեղ շրջադարձով, երբ թալանչի ավազակի պես անակնկալ մեր դեմը կտրեցին մի քանի թուրքեր՝ գոռալով ու չխկչխկացնելով հրացանների փակաղակները։ Ես մի կերպ տեղավորվել էի հագուստների և գրենական պիտույքների կապոցների արանքում։ Չհասցրի ուշքի գալ, երբ արդեն կառապանի թևերը կապեցին, իսկ սանձարձակ թուրքերից մեկը լկտիաբար պատռեց իմ միսիոներական հագուստը՝ վավաշոտ աչքերը փայլեցնելով՝ «Փա՜ռք Ալլահին, սրան ո՞վ ուղարկեց»։ «Բորենի՛, չհամարձակվես ինձ դիպչել»,- իմ իմացած բոլոր լեզուներով ճչում էի ես։ «Գործ չունե՛ս, Ահմեդ, գլխներիս փորձանք կբերես, ավելի լավ է ժամանակ չկորցնենք և թալանը տեղ հասցնենք»,- ավելորդ գլխացավանքներից հեռու մնալու մտադրությամբ՝ սանձարձակին զսպեցին մյուս ավազակները և թալանով հեռացան։ Դա իմ առաջին ծանոթությունն էր թուրքի հետ։
1911 թվականին հասա Կիլիկիա և աշխատանքի անցա Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների հիմնած «Բեյթել» որբանոցում՝ որպես ուսուցչուհի։
«Բեյթելի» բժշկուհիների հետ որբահավաքի գնացի։ Կարծես դժոխքում էի։ Սարիար գյուղում ինը տարեկան մի աղջկա գտա, ում զաբթիեն փորձել էր բռնաբարել, բայց չկարողանալով՝ հրացանի սվինով որովայնը պատռել էր։ Արյունը լերդացել էր, վերքը որդոտել… «Չմոտենա՛ս,- հեռվից զգուշացրեց որբանոցի բժիշկը,- կարող է հյուծախտով հիվանդ լինել և մեր սաներին էլ վարակել»։ Երբ վարժուհիները մի փոքր հեռացան՝ սավանով արագ փաթաթեցի որբուկին, բերեցի որբանոց ու պառկեցրի իմ անկողնում։ Մեծ տառապանքով նրան ոտքի հանեցի։ Այդ աղջնակը հետո դարձավ միսիոներուհի և Մերձավոր Արևելքում որբախնամ այնպիսի գործունեություն ծավալեց, որ ես հայերենով գրեցի նրա վարքը։ Այստեղ աշխատեցի մինչև 1915 թվականը։ Երիտթուրքերի կողմից իրականացվող դժոխային կոտորածները անբուժելի վերք բացեցին համայն մարդկության խղճին ու բարոյականությանը։ Ես տեսել եմ, թե ասկյարները ինչպես էին գրազ գալիս հղի հայուհու որովայնը սրով բացելու, որ ճշտեն՝ տղա է, թե աղջիկ։ Արդարությունը մորթվում էր, բայց աշխարհի խիղճը խուլ ու կույր էր ձևանում…
Ամառային արձակուրդին սաներին տարել էի Կարմիր վանք, ուր Ներսես Շնորհալին և Գրիգոր Պահլավունին էին ուսանել և իմաստասեր օծվել։ Հենց այդտեղ էլ շտապ հեռագիր ստացա քույրերիցս՝ «Մայրիկը մահամերձ է, առանց քեզ չի կարողանում հոգին Աստծուն ավանդել։ Թե կարող ես՝ հասիր»։
…Երբ երկար բացակայությունից հետո վերջապես հայրական տուն մտա, արդեն սևազգեստ քույրերս սառնությամբ հանդիմանեցին. «Կարող էիր ավելի շուտ գալ… Դո՛ւ տանջեցիր մայրիկին։ Երբ մահացավ՝ ծոցից քո նկարը հանեցինք, և որպեսզի այն աշխարհում էլ կարոտից հալումաշ չլինի, թաղեցինք հետը։ Հայրիկն էլ վաղուց է մահացել…»։ Հասկացա, որ այլևս օտար եմ մեր ընտանիքում։ Ժամանակը շատ բան էր փշրել։ Մտա ննջարան՝ գոնե արցունքներիս ազատություն տալու։ Սեղանին աչքիս ընկավ ֆրանսիական բողոքականների մի պարբերաթերթ՝ «Արևելքի մեր եղբայրներն ու քույրերը նորից նահատակվում են հավատի համար։ Մեր թղթակիցը Մարաշից հաղորդում է, որ թուրք մոլեռանդները չորս հազար հայի լցրել են Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին, դռները ամուր փակել և հրդեհել»։ Մնալս ավելորդ էր։ Հենց գիշերը, առանց քույրերիս հրաժեշտ տալու, հասա կայարան։ Գնացքի մութ միջանցքում արցունքներս էին ինձ միակ մխիթարողը՝ «Հայրենիքս էլ չեմ տեսնելու»։
Բժիշկը անասելի շփոթվել էր. մեկ աչքերն էր մատներով սեղմում, մեկ ճակատը շփում՝ մի՞թե հնարավոր է օտարին այսչափ նվիրվել։ Գուցե իրո՞ք մարդկային գութը սահմաններ չի ճանաչում։
«1916-19 թթ. աշխատեցի նույն միսիոներական առաքելությանը պատկանող Մարաշից հարավ Հարունիե գյուղի գերմանական որբանոցում։ Այդտեղ ես մոռացա նույնիսկ առաջին սիրո և մայրության ամենաբնական զգացմունքների մասին։ Մայրամուտը թուրքական տագնապներով էր լցնում որբերի գիշերը, իսկ առավոտները ասկյարի հայտնվելն արդեն չարագուշակ տագնապ էր։ Հիշելիս ամբողջ մարմնով դողում եմ, երբ 1918 թվականին թուրքական մի ջոկատ եկավ որբանոց և հայտնեց, որ պետք է հայ որբերին տեղափոխել ավելի «ապահով վայր՝ Սիրիա»։ Ես անմիջապես հասկացա, որ թուրքական այդ նենգ դիվանագիտական «ապահով վայրը» Դեր Զորի անապատն է։ Ես ցնցվում էի վախից, բայց համառեցի, որ դա դեմ է միջազգային օրենքներին… Նրանք լկտիաբար ծիծաղեցին։ Ես պնդեցի, որ կդիմեմ Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի և մյուս երկրների հյուպատոսներին ու միջազգային առաքելություններին։ Նրանք նույն լկտիությամբ պատասխանեցին, որ այդ երկրները Թուրքիայի հավերժական բարեկամներն են։ Ես թուղթ վերցրի և իրենց ներկայությամբ սկսեցի նամակը։ Ասկյարները զգուշացան ավելորդ աղմուկից և որոշեցին մեկ-երկու օր հետաձգել որբերի տեղափոխումը։
Ողջ գիշեր չքնեցի։ Շրջում էի որբերի մահճակալների արանքով, շոյում նրանց ոտքերն ու ձեռքերը, աղոթում՝ Աստված այնքան ուժ տա ինձ, որ գոնե փրկեմ այս որբերին Դեր Զորի անապատից… Ամեն օր տարբեր լեզուներով գրություններ էի պատրաստում եվրոպական երկրների հյուպատոսների, առաքելությունների և մարդասիրական շատ կազմակերպությունների հասցեներով։ Մի քանի օր անց երեք թուրք որբանոցի բակում ինձ շրջապատեցին, թուրքերեն հայհոյեցին ու սպառնացին, որ ինձ էլ հենց իրենց բարեկամ և օգնական գերմանացիների միջոցով Դեր Զոր կտեղափոխեն, եթե այսպես համառեմ։ Ես ընդվզեցի. «Արդեն ուր հարկն է նամակներ ուղարկել եմ։ Եթե ինձ հետ որևէ բան պատահի, դուք միջազգային կազմակերպություններին պատասխան կտաք»։ Թուրքերեն հայհոյելով` նրանք վերջնականապես հեռացան։
1919 թվականին Կիլիկիայում քաղաքական իրավիճակը փոխվեց։ Սևրի պայմանագրով Կիլիկիան անցնելու էր Ֆրանսիայի խնամակալության տակ, սակայն Ֆրանսիան գաղտնի պայմանագրով մտադրվել էր զիջել այն Թուրքիային։ Շուտով ցրվեց պատերազմի ընթացքում Ֆրանսիայի դրոշի տակ կռվող Հայկական լեգեոնը և թողեց Կիլիկիայի հայերին անպաշտպան։ Ես հարկադրված մեկնեցի Էստոնիա»։
Նյարդայնացած բժիշկը անհանգիստ շարժումներ արեց, բացեց պատուհանը, գիշերային զովը փոքր-ինչ սթափեցրեց նրան, բակում երեխաներ էին խաղում։ Բժիշկը բեթհովենյան մեղեդին նախկին հպարտությամբ չլսեց, հոգու խռովքը խանգարեց։
-Մի՞թե իմ ազգը թուրքին այդչափ մեղսակից է, ես դա ինչպե՞ս բացատրեմ համալսարանն ավարտած իմ տղային, ով շուտով Գերմանիայի պատմության մասին դիսերտացիա պիտի պաշտպանի,- օրագրի հետ խոսեց բժիշկը՝ դեռևս անծանոթ տագնապով թերթելով էջը։
«1922 թվականին անդամագրվեցի Ստրասբուրգ քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը և մեկնեցի Հալեպ։ Այդ ժամանակ Սիրիայում 160000 հայ գաղթական կար։ Նրանք հիմնականում ապրում էին Հալեպի Սուլեյմանիե և Ռամատանիե արվարձաններում կառուցված հյուղակներում («Հայկական քեմպ»)։ Նրանք ապրում էին ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ։ Համաճարակներից օրական մի քանի հարյուր հայ էր մեռնում: Դա հայությանը ոչնչացնելու թուրքական ծրագրերից էր. համաճարակը յաթաղանի պես հնձում էր։ Ես հասկացա, որ կյանքի գնով էլ լինի, պիտի մասնակցեմ հիվանդների փրկության գործին։ Գերմարդկային ջանքերով, միջազգային դիվանագետներին խնդրել-աղերսելով՝ կարողացա հիվանդանոց բացել, ուր աշխատում էին Սիրիայի նշանավոր հայ բժիշկները։ Սովյալներին փրկելու համար աշխատանք էր հարկավոր։ Մարաշցի իմ ծանոթների օգնությամբ ստեղծեցինք ջուլհականոց և ձեռագործական արհեստանոց։ Հինգ հարյուր կանանց և աղջիկների կարպետներն ու ձեռագործները վաճառվում էին եվրոպական երկրներում, իսկ հասույթը, որպես աշխատավարձ, տրվում էր կանանց։ Չարչարանքս վերջապես արդյունք տվեց։ Հալեպի տարբեր դպրոցներում սովորող ավելի քան 250 հայ երեխաների համար սահմանեցինք կրթաթոշակ։ Որբերը շատ էին։ Ես մշակեցի որդեգրման մի յուրօրինակ ձև, որի համաձայն եվրոպական բարերար ընտանիքները պետք է որդեգրեին Հալեպում հաստատված հայ գաղթական ընտանիքի երեխաներից մեկին և ամսական մեկ ոսկի ուղարկեին որդեգրվածի հարազատներին։
-Վաղուց արդեն որբերն ու գաղթական հայերը ինձ «Բյուլ մայրիկ» էին ասում։ Թեև ես չամուսնացա ու զավակներ չունեցա, բայց հայ որբուկների «Մայրիկ» բառը ինձ սփոփում էր. ես այդպե՛ս ապրեցի մայրության բերկրանքը… Երբեք չեմ փոշմանել, որ կյանքս նվիրեցի հայ որբերին»։
-Տե՛ր Աստված, ո՞րն է այդ ժողովրդի մեղքը, որ Եվրոպան աչքերը փակում էր հայկական դժոխքի վրա,- բժիշկը ակամա բարձրաձայն խոսեց՝ անհանգիստ շուռումուռ գալով անկողնում։
-Նորի՞ց հիվանդների հետ ես խոսում, գիշերն էլ հանգիստ չունես,- տրտնջաց կինը՝ ամուսնուն առաջարկելով քնաբեր խմել։
-Ո՛չ, ո՛չ, հիվանդների հետ չեմ խոսում, իմ ժողովրդի խղճի հետ եմ խոսում, ինչն արդեն մի քանի օր չի թողնում հանգիստ քնել,- կնոջը փորձեց բացատրել բժիշկը։
-Դա ցերեկվա գործ է,- կարճ կապեց սիրային գգվանքների հույսը կորցրած կինը և կիսախռով շրջվեց քնելու։
Մինչև լույս իր ժողովրդի խղճի հետ կռիվ տվեց բժիշկը, հաշտվեց, նորից կռվեց ու կրկին հաշտվեց։ Առավոտյան օրագիրը դրեց պայուսակը՝ աշխատասենյակում շարունակելու։
«1947-ին աշխարհասփյուռ հայությանը Խորհրդային Հայաստան ներգաղթելու հնարավորություն տրվեց։ Շատ սիրիահայեր ուրախության արցունքներով Հայաստան հասան։ Որոշել էի գնալ Հայաստան, նույնիսկ մի քանի անգամ երազում տեսա, թե ինչպես եմ հասնում Հայաստան, Երևանից Արարատ սարին էի նայում։ Խնդրագիր ուղարկեցի Ներգաղթի կոմիտե։ Երբ մերժում ստացա, մի քանի օր ողբում էի, ինձ որբ էի զգում։ Մի՞թե Հայաստանը մերժում է ինձ՝ որպես իր զավակի։ Հետո իմացա, որ շատ հայրենադարձների միանգամից Սիբիր էին աքսորել՝ որպես անբարեհույսների, օտար երկրների լրտեսների։ Ինձ էլ միգուցե յոթ երկրի լրտես կհամարեին։ Որոշեցի գոնե հայրենիք վերադառնալ, սակայն մուտքի թույլտվություն չստացա՝ Էստոնիան Սովետի կազմում էր։ 1951 թվականին հեռացա Հալեպից, ոչինչ չունեի… Հաստատվեցի Եվրոպայում։ Ամեն օր նամակներ էի գրում աշխարհում սփռված իմ ծանոթ հայերին։ Արդեն 64 տարեկան էի, շատ ուշ էր ընտանիք կազմելը։ Այդ մասին 40 տարի մոռացել էի…
Եվրոպայում կարոտում էի հայերիս։ 1965 թվականին մեկնեցի Սիրիա և Լիբանան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Հալեպում և Բեյրութում։ Աստվա՛ծ իմ, ինձ չէին մոռացել, ժամերով իրենց գրկի մեջ էին պահում այն որբ սաներս, որոնց մահճակալների մոտ ամբողջ գիշեր աղոթքներ էի մրմնջում… Հոգիս խաղաղվեց, վերադարձա Գերմանիա, բայց սիրտս մնաց հայոց որբանոցի դատարկ սենյակներում։ Լսո՞ւմ եք, իմ սիրելի հայեր, ես չեմ փոշմանել, որ ամբողջ կյանքս նվիրել եմ ձեզ… ԻՄ ՍԻՐՏԸ ՀԱՅ Է»։
ՈՒշգիշերային հեռախոսազանգը տագնապ արթնացրեց։
-Տիկին Անահիտ, ես Ձեզ շատ մեծ խնդրանք ունեմ՝ ինձ պիտի մի քիչ հայերեն խոսել սովորեցնեք, այն էլ մի քանի շաբաթում,- բարևը մոռացած՝ շատ արագ ասաց բժիշկը՝ չիմանալով ինչպես հիմնավորել անսովոր խնդրանքը։
-Սիրելի՛ դոկտոր, ուրախ եմ Ձեզ օգտակար լինելու համար, հենց առավոտյան կգամ Ձեր աշխատասենյակ,- ջերմությամբ պատասխանեց Անահիտը՝ ամենևին չգուշակելով գերմանացու խորհրդավոր խնդրանքի նպատակը։
Բյուլի օրերը հաշված էին, և բժիշկը ջանում էր կարճ ժամանակում սերտել իր ասելիքը։ Ցերեկը Անահիտն էր պարապում, գիշերները հայոց լեզվի դասագիրքն էր ձեռքին։
Սովորական մի առավոտ անթաքույց հպարտ ժպիտով հիվանդասենյակ մտավ բժիշկը՝ առանց սպիտակ խալաթի։ Բուժքույրը թեթև ակնարկեց՝ խալաթը բերել։ Բժիշկը բոլորին խորհրդավոր ժպտաց՝ «Այս պահին ես բժիշկ չեմ»։
Մոտեցավ Բյուլի անկողնուն, նստեց, ափերի մեջ առավ Բյուլի հոգնած ձեռքը, նայեց մարող աչքերին և բոլորին անսպասելի՝ սկսեց… հայերենով։
-Բա՛րև, սիրելի հայուհի Աննա Հեդվիգ Բյուլ, ես քեզ հետ խոսում եմ քո իմացած յոթ լեզուներից այն մեկով, որն արդեն քեզ համար մայրենի է՝ հայերենով…
Բյուլի կիսախուփ ու մարող աչքերը մի ակնթարթ փայլեցին, նա չհասկացավ, թե ինչ կատարվեց իր հետ։ Հասկացրեց, որ իրեն նստեցնեն։
-Սիրելի՛ Բյուլ մայրիկ, տեսնում եմ՝ դու էլ չես հավատում քո աչքերին, բայց ես հայերեն եմ խոսում, քո մայրենի լեզվով… Միայն քեզ եմ պարտական դրա համար։ Քո օրագրից ես իմացա, որ իմ ժողովուրդն էլ մեղսակից է… Գերմանացիները նույնիսկ բացահայտ օգնել են թուրքերին, հրահանգավորել, պաշտպանել, նույնիսկ խրախուսել։ Տե՛ր Աստված, ես ամաչում եմ այդ ամենի համար։ Իհարկե, գերմանացի որոշ մտավորականներ քննադատել են իշխանություններին, բայց նրանց ձայնը մարել է՝ ինչպես արդար մոմը սանձակոտոր փոթորկից։ Քո շնորհիվ ճանաչեցի ու սիրեցի հայերին։ Իմ սրտի մեջ էլ մի քիչ հայ արթնացավ։ Գիտե՞ս ինչու սովորեցի հայերեն, դու ինձ համար մեծ հայ ես, և ես կամենում եմ քեզնից հենց հայերենով ներողություն խնդրել իմ ժողովրդի մեղքերի համար։ Հայերը շա՜տ մեծահոգի են, շուտ են ներում։ Ինձ քո՛ ներումն է հարկավոր, սիրելի Աննա։
Բյուլի զարմանքից բացված կոպերի տակից երկու կաթիլ հպարտության արցունքներ դանդաղ գլորվեցին սմքած այտերին և կնճիռներով իջան մինչև շուրթերը։ Բյուլը ափերի մեջ առավ բժշկի ձեռքը, վերջին ուժերը հավաքեց ու հայերենով հատ-հատ շշնջաց. «Ես հպարտ եմ, որ սիրտս հայ է, և որպես հայ եմ մեռնում… Սիրելի բժիշկ, դու քո ազգի խիղճն ես ու պատիվը։ Ես քեզ ու քեզ նմաններին ներում եմ հայերիս կողմից։ Ես գնում եմ սպանված, սովից ու համաճարակից մահացած հայ որբուկներիս մոտ…»։
Բյուլի ափերը հանգիստ թուլացան, շուրթերի արանքից վերջին շունչը հայերեն դուրս եկավ՝ «ԻՄ ՍԻՐՏԸ ՀԱՅ Է»։
—Վրեժ Սարուխանյան