ՀՈԳԵՎՈՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՔՐԻՍՏՈՈՍՆ ԻՄ ԿՅԱՆՔՆ Է
1. «Ով Որդուն ունի, կյանքն ունի»
«Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի, և ով որ Աստծո Որդուն չունի, կյանքը չունի» (Ա Հովհ․ 5․12)։ Հավիտենական կյանքը հենց Աստծո կյանքն է՝ այն կյանքը, որը հայտնվել է Քրիստոսում։ Միայն ճշմարիտ հավատացյալներն ունեն այս կյանքը։ Անհրաժեշտ է, որ ստանանք Աստծուց ոչ միայն փրկություն մեղքից ու մահից, ոչ միայն կյանք, այլև՝ Նրա Սուրբ Հոգուն, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք ստացել Նրանից։ Քրիստոսն ԻՐԱՊԵՍ ձեր կյանքն է։ Ինքը Քրիստոսը ձեր կյանքն է և ձեր կյանքի զորությունը․ դուք չունեք ոչ մի կյանք և զորություն ձեզանում։ Ձեր բնությունը չունի ոչ մի հոգևոր կյանք կամ հոգևոր ուժ․ սա այն ճշմարտությունն է, որը դուք՝ որպես հավատացյալ, պետք է բացահայտեք և տեսնեք ձեր բնության (մարմնի) մասին։ Եվ դա տեղի է ունենում Սուրբ Հոգու ներքին աշխատանքի շնորհիվ։
Մարդկային բնությունը ծայր աստիճան մեղավոր է
Գուցե դուք ընդունել եք այս ճշմարտությունը՝ ընդհանուր առմամբ։ Այնուամենայնիվ, դուք պետք է հավատաք, որ այս ճշմարտությունը վերաբերում է անձամբ ձեզ, և պետք է վերագրեք այն ձեր ողջ կյանքին։ Աստծո տեսանկյունից, հին կյանքի բնությունը չափազանց մեղսալի և չար է․ «Որովհետև մարմնի խորհուրդն Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում, և կարող էլ չէ» (Հռոմ․8․7), «Որովհետև գիտեմ, որ ինձանում (այսինքն իմ մարմնում) մի բարի բան չի բնակվում, քանզի կամենալը կա իմ մոտ, բայց բարին անելը չեմ գտնում» (Հռոմ․ 7․18), «Որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, և հոգին՝ մարմնին հակառակ, և սրանք իրար հակառակ են» (Գաղ․ 5․17), «Որ մեղքն ավելի ևս մեղավոր լինի՝ պատվիրանի ձեռով» (Հռոմ․ 7․13)։ Մեր բնությունը համակված է եսասիրությամբ, եսակենտրոնությամբ, հպարտությամբ և շատ ավելիով․ դրանում ընդհանրապես ոչ մի լավ բան չկա։ Աստված միայն մեկ լուծում գտավ մեր չար մեղսալի բնության համար, և դա խաչելությունն է, այսինքն՝ այն մահվան մատնելը։ Դա չի նշանակում, որ մենք մշտապես չար գործեր ենք անում․ այնուամենայնիվ, մեզանում ամեն ժամանակ կա չարիք գործելու ներուժը։ Գուցե մենք չար գործեր չանենք, բայց դա չի նշանակում, որ մեր բնությունը պակաս չար է։ Այս աշխարհում Սուրբ Հոգու շարունակական աշխատանքն է, որ թույլ չի տալիս մարդկանց չարիք գործել՝ այն դեպքում, եթե նրանք արձագանքում են Նրան։
Այնուամենայնիվ, փաստն այն է, որ մեր բնությունը չար է (կարդացեք Հռոմ․ 6 և 7)։ Աստված հայտարարում է, որ մեր մեղքերից յուրաքանչյուրը չափազանց մեղսալի է։ Բայց մենք չենք ընդունում դա․ մենք հավատում ենք մեր իսկ մարդկային գնահատականին և դատողությանը։ Մենք չենք ապրում այն համոզմունքով, որ մեր ողջ եսասիրությունը, եսակենտրոնությունը, նաև հպարտալի դրսևորումները և վարքագծերը չափազանց մեղսալի են, և որ դրանք թշնամություն են Աստծո դեմ։ Աստծո Խոսքը պարզորեն հայտնում է այդ ամենը ձեր բնության և մեղքերի մասին, բայց դուք պետք է բացահայտեք և տեսնեք դա ձեզանում։ Եթե ժամանակ չտրամադրեք Աստծուն, որպեսզի հայտնաբերեք այս ճշմարտությունը Նրանից, դուք նույն մարդը կմնաք․ դուք կունենաք միայն մարդկային ձեռքբերումներ, բայց ոչ՝ երկնային փոփոխություններ։ Դուք չեք կարողանա ինքնուրույն բացահայտել դա․ միայն անձնատուր եղած և փնտրող սիրտը կարող է ստանալ անհրաժեշտ հայտնությունը և հանդիմանությունը։ Փնտրե՛ք Տիրոջ երեսը։
Սա այն ոլորտն է, որում մենք պետք է աճենք․ Աստծուն հաճեցնելը ենթադրում է չմեղանչելը և ապաշխարությունը, երբ մեղանչում ենք։ Միայն հստակ խոստովանությունն է ներում տալիս և սրբում մեղքից։ Մտորեք հետևյալ մի քանի հարցերի շուրջ Աստծո առաջ, տվեք այս հարցերը և համբերատար սպասեք հայտնությունների և հանդիմանության Աստծուց։ Փնտրեք Նրա ներկայությունը։
Արդյո՞ք իմ կոպտությունը և խիստ բառեր օգտագործելը չափազանց մեղսալի են թվում ինձ։
Արդյո՞ք իմ քննադատելը և դատապարտելը չափազանց մեղսալի են թվում ինձ։
Արդյո՞ք իմ չներելը չափազանց մեղսալի է թվում ինձ։
Արդյո՞ք իմ խանդը և նախանձը չափազանց մեղսալի են թվում ինձ։
Ձեր բնության չափազանց մեղսալիությունը տեսնելն է (ոչ թե այդ մասին իմանալը), որ հանգեցնում է երկու անհրաժեշտ փորձառության ձեր կյանքում․ (1) ձեր սիրտը նորովի փշրվում է, և (2) դուք դադարում եք հուսալ, որ կարող եք որևէ բարի բան գտնել ձեզանում։ Սա ուսմունք չէ, որը կարելի է սովորել, այլ՝ իրողություն, որն Աստված ուզում է, որ փորձառաբար վերապրեք։ Սրտի այս վերապրումները, որոնք առաջացնում է Սուրբ Հոգին, դրդում են ձեզ դիմել Աստծուն և փնտրել Քրիստոսին՝ որպես ձեր միակ կյանքը, որով կարելի է ապրել, և ձեր միակ ճշմարիտ ազատությունը․ «Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի»։ Սա այն նոր փշրվածությունն է, որի մեջ Աստված առաջնորդում է Իր զավակներին։ Աստված հետամուտ է լինում ձեզ, որպեսզի կարողանաք տեսնել ձեր սրտով, որ Քրիստոսը բառացիորեն անհրաժեշտ է ձեզ․ ձեզ անհրաժեշտ է ոչ միայն ունենալ Քրիստոսին ձեզանում, այլև՝ ունենալ Քրիստոսի կյանքը ձեզանում, որպեսզի ապրեք ձեր ներսում գտնվող Նրա կյանքով, քանի որ դա միակ փրկությունն է ձեր բնությունից։ Անհրաժեշտ է, որ ոչ թե պարզապես իմանաք այս մասին, այլև սրտով տեսնեք սա։ Սա աստվածային համոզմունք է, որը տրվում է անձնատուր եղած և փնտրող սրտին։ Մենք անցել ենք մահից դեպի նոր կյանք․ Քրիստոսն իմ միակ կյանքն է, եթե ես խաչված պահեմ իմ մարմինը՝ գործադրելով իմ հավատքն ամեն օրվա ընթացքում։
Որպես հավատացյալներ, մենք ընդունել ենք Քրիստոսին դարձի ժամանակ, և Նա մեզանում է․ «Ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ՝ Աստծո մեջ» (Կող․ 3․3), «Քրիստոսն է կենդանի ինձանում» (Գաղ․ 2․20)։ Այնուամենայնիվ, մենք պետք է մշտապես Քրիստոսի խաչին անձնատուր եղած պահենք մեր բնությունը՝ հավատքի միջոցով։ Եվ մենք պետք է ընդունենք Նրա կյանքը՝ մեր առօրյա կյանքն ապրելու համար, միևնույն ժամանակ մերժելով և խաչված պահելով մեր հին կյանքը՝ հավատքի միջոցով։ Մենք գիտենք, որ Քրիստոսը մեր կյանքն է, մենք ընդունում ենք դա և հավատում ենք դրան, բայց արդյո՞ք մենք ապրում ենք ամեն օր՝ հավատալով, որ Նա մեր ՄԻԱԿ կյանքն է, որով մենք կարող ենք ապրել, և որ Նրա կյանքից դուրս ցանկացած բան իրենից մահ է ներկայացնում։ Սա ճիշտ այն պատկերացումն է և այն իրողությունն է, որ Աստված ուզում է ձևավորել մեզանում՝ անհատապես։ Սա այն ուղին է, որը մենք հրաժարվում ենք ընտրել․ մենք դեռ ինչ-որ բարի բան ենք տեսնում մեր բնության մեջ և Աստծուց դուրս, և վազում ենք դեպի դա։ Մենք չենք տեսնում դրա թշնամությունն Աստծո դեմ։ Մենք փորձում ենք հաճեցնել երկու տերերի՜։ Սա մեր թաքնված ողբերգությունն է։
Քրիստոսն ԻՐԱՊԵՍ ձեր կյանքն է
Ես պետք է ոչ միայն ընդունեմ Քրիստոսին իմ կյանքում, այլև հարեմ Նրան ամեն վայրկյան, ամեն օր՝ որպես իմ կյանքը, որը տրված է ինձ Աստծուց, որպեսզի ապրեմ ինձանում գտնվող Նրա կյանքի լիարժեք զորությամբ։ Նման Հին Կտակարանի իսրայելցիներին, ես պետք է ստանամ ինձ տրվող մանանան ամեն օր և օգտագործեմ այն ամեն անհրաժեշտ պահին։ Ես պետք է հանդիմանություն զգամ այն պատճառով, որ անտեղյակ եմ Քրիստոսի մեջ այս նոր կյանքից՝ հանդիմանություն, որ բավականաչափ չգիտեմ այս նոր կյանքի մասին։ Դուք հավատացյալ եք, և դուք ճանաչում եք Աստծուն․ դուք գիտեք, որ Քրիստոսը ձեր Փրկիչն է։ Ես նկատի չունեմ դա։ Ես նկատի ունեմ այն հոգևոր ճշմարտությունները, որոնք դուք բավականաչափ չգիտեք և որոնցում վստահ չեք, այլ գիտեք որոշ չափով, քանի որ դա ազդելու է այն բանի վրա, թե որքանով կաճեք սուրբ կյանքի մեջ։ Բոլորս պետք է բացահայտենք Սուրբ Հոգուց այն, ինչ մենք դեռ չգիտենք մեր փրկության և սրբացման մասին։ Ձեր ինքնավստահությունը և անտարբերությունը բխում են ձեր կրոնական մարմնավոր բնությունից։ Մենք պետք է ձգտենք բացահայտել դա, քանի որ դա անտեսելը վտանգավոր է։ Ինքը Քրիստոսն է իմ կյանքը, ոչ թե ես․ սա այն գլխավոր ճշմարտությունն է, որը ես բավականաչափ չգիտեմ։ Ես կյանքը չեմ․ Քրիստոսն է կյանքը՝ իմ կյանքը։ «Մենք գիտենք որ մահից ի կյանք փոխվեցինք» (Ա Հովհ․ 3․14)։ Թեև ես հավատացյալ եմ, ես պետք է գիտակցեմ, որ անկարող եմ ինքնուրույն ճշտորեն կարծիք կազմել այս մասին։ Ես պետք է առանձին ժամանակ անցկացնեմ Աստծո հետ իմ աղոթքի ծածուկ սենյակում, որտեղ ես հաղորդակցվում եմ Նրա սրտի հետ։ Հոգևոր ինքնաբացահայտմանը վերաբերող ներքին հայտնությունները և հանդիմանությունները ստացվում են իմ սրտում, երբ ես աղոթքի ներքին սենյակում եմ։
Քրիստոսը մեր կյանքն է։ Նա պետք է ապրի Իր կյանքը մեզանում, և հենց այդ պատճառով Քրիստոսը մարդ դարձավ, որպեսզի ապրեր Աստծո հանդեպ լիարժեք վստահությամբ այս երկրի վրա և ցույց տար մեզ, թե ինչպես պետք է ապրենք այս երկրի վրա՝ միայն Աստծուց լիովին կախված լինելով։ Երբ մենք հասկանանք, թե ինչ է Քրիստոսի կյանքը, և ինչպես է այն դառնում մերը, մենք պատրաստված կլինենք, որ ցանկանանք այն։ Հոգին կառաջնորդի մեզ, որ խնդրենք անձամբ Քրիստոսին ապրել մեզանում և փոխարինել մեր կյանքն Իր կյանքով։ Միայն Քրիստոսն է կյանքը։
Եթե մենք իրականում ցանկանում ենք հասկանալ, թե ինչ է նշանակում Քրիստոսում ապրելը, մենք պետք է գնանք դեպի այդ կյանքի արմատը։ Մենք պետք է տեսնենք, թե ինչպես էր Քրիստոսն ապրում Իր կյանքն Աստծո առջև։ Հիսուսի կյանքը բնութագրվում էր Իր Հորից բացարձակ կախվածությամբ, Նրա հանդեպ բացարձակ վստահությամբ և Նրան բացարձակապես անձնատուր լինելով։ Եթե մենք չենք մեկացել Քրիստոսի հետ՝ Նրա կյանքի այս սկզբունքներում, անիմաստ է ձգտել Նրա կյանքին նմանակելուն։