Ամենօրյա պաշտանմունք. Քրիստոսն է իմ կյանքը
Որպես հավատացյալներ՝ մենք պետք է աղոթենք, խորհենք և սպասենք Տիրոջն այնքան, մինչև մեր սրտերը բաց կլինեն այն գիտակցման համար, որ հավիտենական Աստված մեր ներսում աստվածային կյանք է դրել, որը չի կարող գոյություն ունենալ՝ առանց Քրիստոսի: Այս ճշմարտության լոկ իմացությունը բավարար չէ. մենք պետք է հետևենք այդ ճշմարտությանը, որը բխում է Աստծո հետ հաղորդկացության ընթացքում վերապրած Նրա ներկայությունից: Աստվածային կյանքի գոյությունը մեր ներսում բացառում է մեր մարդկային բնության գործածությունը: Այս նոր կյանքը պետք է դառնա մեր կյանքի գործող իրականությունը: Հին կյանքը՝ մեր մարդկային բնությունը, ներկայացնում է հավիտենական մահը: Շատերս կարծում ենք, թե Աստված մեզ հոգևոր կյանք է պարգևել, որն այլևս մեզ է պատկանում, և մենք ենք դրա ղեկավարը, իսկ կարճ ժամանակ անց բողոքում ենք մեր իսկ ձախողումներից: Իհարկե՛ կձախողենք: Ապրում ենք՝ կարծելով, թե բավականաչափ հասկացողություն ունենք այդ կյանքն Աստծո առջև ապրելու համար: Մինչդեռ մեր կյանքն ու հարաբերությունները մարդկանց հետ ապացուցում են, որ մեզ մոտ չի ստացվում անել դա: Հաճախ անդունդ ենք տեսնում մեր ունեցած գիտելիքի և մեր ապրած կյանքի միջև: Եթե սա ճշմարիտ է պարագայում, ապա անտարբեր մի՛ գտնվիր դրա նկատմամբ: Մենք պետք է սովորենք ապրել այնպես, ինչպես Հիսուսը՝ ամեն բանում լիարժեք կախում ունենալով Հորից: Իմ ներսում Աստծո Որդու կյանքն է՝ տրված ինձ հենց Աստծո կողմից, և կարող է պահպանվել միայն Նրա կողմից՝ ո՛չ երբեք սեփական ջանքերով:
Հապա ինչպե՞ս ապրենք Աստծուց տրված այս կյանքը: Ինչպե՞ս Հիսուսն ապրեց իր երկրային կյանքը: Նա ապրեց՝ լիարժեք կախում ունենալով Աստծուց: Շարունակաբար ասում էր. «Որդին Իրանից կարող չէ ոչինչ անել… Այն բանը՝ որ Ես խոսում եմ ձեզ հետ, Իմ անձից չեմ խոսում» (Հովհ.5.19, 14.10): «Ես Ինձանից չեմ կարող ոչինչ անել… Իմ դատաստանն արդար է. որովհետև Իմ կամքը չեմ որոնում» (Հովհ. 5.30): «Այն խոսքը, որ լսում եք՝ իմը չէ» (Հովհ. 14.24): Տեսնո՞ւմ եք Հիսուսի կատարյալ կախվածությունն Աստծուց: Նա մշտապես սպասում էր Իր Հոր ուղղորդմանը, պատվերներին և ուսմունքին: Նա աղոթում էր՝ զորություն ստանալու Հորից: Ինչ էլ որ անում էր, Հոր անունով էր անում: Աստծո Որդին աղոթքի մեջ շատ ժամանակ անցկացնելու կարիք էր զգում ՝ երկնքից Աստծո կյանքը բերելու և աղոթքով Աստծո հետ հաղորդակցության կյանքը պահելու համար: Հիսուսն ապրում էր Աստծուց լիարժեք կախման կյանքով, և դա է այն կյանքը, որը Նա տալիս է մեզ:
Շատ ենք լսում Աստծուց կախում ունենալու և Նրան վստահելու մասին, ինչին ի պատասխան ասում ենք՝ «դա այն է, ինչ ես ցանկանում եմ», սակայն հաճախ մոռանում ենք դրա գաղտնիքը: Քրիստոսն Ինքն է, որ մեզանում պետք է գործի ողջ այդ վստահությունն ու կախումը: Ես ինքս չեմ կարող ճշմարտապես վստահել և կախում ունենալ Աստծուց. իմ կրոնավոր անձը շատ ակտիվ է այս ոլորտում: Այո՛, ես իմ Տեր Հիսուսի կարիքն ունեմ, որպեսզի կատարելապես վստահեմ Աստծուն: Ես կարիք ունեմ, որ Նա, ապրելով իմ ներսում, տա ինձ Աստծուն վստահելու զորություն: Հավատքով ուրացե՛ք Ձեր մարդկային զորությունը և գամե՛ք այն խաչին, ընդունե՛ք Քրիստոսին Իր լիությամբ՝ ոչ որպես լոկ զորություն, որը Նրանից անջատ միավոր է, այլ՝ Նրա ողջ կյանքը՝ որպես աստվածային զորություն: Դուք Քրիստոսի կարիքն ունեք ամբողջությամբ (ոչ թե Նրա մի մասի), որպեսզի կարողանաք լիովին վստահել Հորը, և Նրա ամբողջությունը կատարի ուրիշներին սիրելու և ծառայելու Ձեր գործը: Սա նշանակում է, որ ինձ հարկավոր չեն իմ վճռակայանությունը, ինքնակառավարումը կամ անցյալի փորձառությունը: Քրիստոսն Ւնքը պետք է ապրի Հորը հանդեպ վստահության Իր կյանքն ինձանում. Քրիստոսն իմ կյանքն է: Նա եկել է, որ Իր կյանքն ինձանում ապրի, Իր զորությունն ինձանում գործի՝ ամեն օր: Իմ մարդկային բնությունը չի կարող կախում ունենալ Աստծուց կամ վստահել Նրան: Աստծուն վստահել և Նրանից կախում ունենալ նշանակում է կախում չունենալ ինքդ քեզնից. ես դա անում եմ՝ ամեն օր՝ ամեն ակնթարթ ուրանալով ինքս իմ կյանքը: Դա աշխատանք չէ, որը ես անում են հանուն իմ կյանքի, այլ՝ կյանք է, որը Քրիստոսն ապրում է ինձանում. Նա է իմ ներսում վստահություն գործում դեպի Հայրը, Նա է կախում ստեղծում Հորից: Իսկ ես պետք է ուրանամ իմ մարմնական բնությունը և սեփական կամքը: Հարկավոր է ճանաչել և լիովին ուրանալ կրոնական բնությունը, իսկ այն ճանաչելու համար պետք է փնտրել Սուրբ Հոգուն: Հարկ է իմանալ, որ մոլորություն է այն, թե իբր այժմ ինքս կարող եմ փնտրել Սուրբ Հոգուն և կախում ունենալ Աստծուց: Դա բացարձակապես անհնար է: Հավատքով միանգամից մերժե՛ք այդ միտքը: Ես իմ բնությամբ դա անել չեմ կարող. փոխարենը պետք է ուրանամ իմ խաբուսիկ կրոնավոր բնութունը, քանի որ այն իմ անձի մահացու թշնամին է:
Ինչպե՞ս սկսել. Եթե մենք ցանկանում ենք մուտք գործել հավատքով կյանքի «հանգստի» մեջ, այն է՝ վստահել և կախում ունենալ Աստծուց, ապա պետք է սկսենք այստեղից: Պետք է կոտրվի ինքներս մեզ ուղղված ողջ վստահությունը: Նման կոտրվածությունն ինքնաբերաբար տեղի չի ունենում. հայտնություն է անհրաժեշտ, որպեսզի տեսնենք, թե ինչ չարիք է ինքնաբավությունը և ինքներս մեր ուժերին վստահելը: Այդ հայտնությունը չի տրվում անմիջապես՝ խնդրանքի արդյունքում: Սա այն արահետն է, որով քայլել է Քրիստոսը՝ կատարելապես կախված լինել միայն Հայր Աստծուց, իսկ մենք հաճախ չենք քայլում այդ արահետով: Մեր կոկորդին են կանգնում «կատարելապես» և «միայն» բառերը: Մենք կուրորեն չենք տեսնում մեր վարած կյանքի մեղքերը և դժվարությամբ ենք ընդունում դրանք: Սիրում ենք մեր մեղավոր բնությունը և մոռանում, որ պետք է սովորենք ատել այն: Կուրորեն չենք տեսնում մեր եսասիրությամբ և հպարտությամբ թելադրված բազմապիսի մեղքերը, ներառյալ՝ սիրո և հոգատարության պակասը, բամբասանքը, ինքնահաճոյությունը, ինքնագովասանքը, ինքներս մեզ ուղղված վստահությունը և ինքնաբավությունը: Դրանց չար ու մեղսալի բնույթն է, որ չենք ցանկանում տեսնել, ինչի արդյունքում բաց ենք թողնում Հոր հետ սրտակից հաղորդակցությունը, որտեղ կարող էինք կոտրվել Աստծո առջև: Խոսքը Աստծո ճշմարտությունը և ազատագրման ուղին տեսնելու մասին է: Այստեղ չկա դատապարտություն. Դուք շարունակելու եք ապահով լինել Աստծո «դատապարտություն ՉԿԱ» վճռի ներքո: Ժամանա՛կ հատկացրեք և մտորե՛ք Աստծո հետ, միայնա՛կ մնացեք Նրա հետ: Ձեզ հարկավոր է համբերատարությամբ փնտրել Նրան և թույլ տալ, որ Աստված բացահայտի Ձեզ համար, թե ինչպիսի չարիք է ինքնակամությունը, ինքներդ ձեզ ուղղած վստահությունը և ինքնակախվածությունը: Սա աճող հայտնություն է. մարդու սիրտը փուլ առ փուլ է պատրաստվում դրան: Աստծո Հոգին սպասում է, թե երբ պատրաստակամ կլինենք (ինչն ինքնին անընդհատական բնույթ չի կրում), որ ցույց տա ինքնահաճոյություն, ինքներս մեզ ուղղված վստահության և ինքնակախվածության վնասակար բնույթը մեզանում: Եկեղեցի հաճախելը, թեև անհրաժեշտ է հավատացյալին, բավարար չէ: Պետք է միայնակ ժամանակ անցկացնել Աստծո ներկայության մեջ: Սովորությո՛ւն դարձրեք Նրա Երեսը փնտրել Ձեր ծածուկ սենյակում. Դուք Նրա հետ սրտակից հաղորդակցության կարիք ունեք:
Սուրբ Հոգին սպասում է մեր պատրաստակամությանը և համաձայնությանը, որպեսզի աշխատի մեզ հետ այս ոլորտում: Մեր պատրաստակամությունը և համաձայնությունը անընդհատական չեն, դրանք հաճախ եզակի բնույթ են կրում: Մեր ներսում ինքնակախվածության և ինքներս մեզ ուղղած վստահության չարիքը տեսնելը տանում է Աստծո առջև նորովի կոտրվելուն: Իրապես կոտրվում ենք միայն Հոր ներկայության մեջ՝ Նրա սիրո հետ սրտանց հաղորդակցության միջոցով: Երբ մենք գալիս ենք Աստծո առջև և վերապրում Հոր սիրող սիրտը, Նա մեղմությամբ ցույց է տալիս մեր անձի թաքնված մեղսալիությունը: Կոտրվածությունը գալիս է մեր ներսում գոյություն ունեցող (մեր բնությամբ պայմանավորված) ինքնակախվածության և ինքներս մեզ ուղղած վստահության չարիքը տեսնելու արդյունքում:
Եկե՛ք Աստծո առջև՝ որպես մեռած և հիմա կյանք առած մեկը, աղոթե՛ք՝ ասելով. «Տե՛ր, Դու ես ինձ տվել այս կյանքը: Եվ միայն Դու կարող ես պահել այն: Ես այն Քեզ եմ հանձնում: Ամեն բան հասկանալ չեմ կարող: Գալիս եմ Քեզ մոտ, որ կատարելագործես այն աշխատանքը, որն արդեն սկսել ես իմ ներսում»: Քրիստոսում ապրելու համար պետք է ամեն օր և ամեն ակնթարթ թարմ պահել այն գիտակցումը, որ Ձեր կյանքն Աստծուց է գալիս, որ Քրիստոսն Է Ձեր կյանքը, և միայն Նա կարող է պահպանել այն: Այս ճշմարտությունը բարձրաձայնե՛ք Ձեր սրտերում և Ձեր շուրթերով: Հավատացե՛ք և հռչակե՛ք այն թե՛ ինքներդ Ձեր և թե՛ սատանայի համար. «Քրիստոսն Է իմ կյանքը»: Ես չեմ փորձում ապրել այդ կյանքը. ես հավատքով ապրում եմ Քրիստոսին. ես ապրում եմ Քրիստոսին՝ հավատքով ուրանալով և մերժելով ինքնակենտրոն կյանքը: Երբ մենք հավատում ենք Աստծո ճշմարտություններին, դրանք Աստծո զորությունն են առնում մեր ներսում և ուղղվում դեպի սատանան, նրա բերած կասկածներն ու մոլորությունները: Մեր ներսում մեծ աշխատանք պետք է կատարվի՝ ավելի մեծ, քան մենք կարծում ենք: Մեղքը և ինքնակենտրոն կյանքն ուրանալու և մերժելու արդյունքում մեր սիրտը մնում է միայն Աստծո հետ և ձգտում ավելի խորը հայտնություն ստանալ ու վերապրել այն ճշմարտություն, որ «Քրիստոսն Է իմ կյանքը»: Ես պետք է կոտրվեմ Աստծո սիրով լի ներկայության մեջ, իմ մեղսալիության հայտնության մեջ՝ գոչելով. «Ես դատարկ եմ: Ես ոչինչ եմ: Աստված է ամենը»: Սա դաս չէ, որը կարելի է սերտել, այլ կյանք է, որը պետք է ընդունել և Հոգով ապրել: Տիրոջ Հոգին օրեցօր, տարեցտարի համբերությամբ և անդադար պատրաստում է մեր սրտերը Աստծո անվան փառքի համար: Քրիստոսն է իմ միակ կյանքը: