Մենք պետք է աղոթքով փնտրենք Աստծուն և խնդրենք, որ Նա ցույց տա մեզ մեր պառակված սրտերը: Աստծո երեսը փնտրել նշանակում է նաև հայտնություն խնդրել մեր սրտերի պառակվածության մասին: Սակայն սա հաճախ մեր հոգը չէ. մենք ճշմարտապես չենք փնտրում հանդիմանություն մեր ներսում: Աստծո պատվիրաններն իմ պատասխանատվությունն են: Չնայած, որ Սուրբ Հոգին իմ ներսում է Իր զորությամբ` իմ պատասխանատվությունը դրանով վեր չի առնվում: Իմ պատասխանատվությունն է թույլ տալ Սուրբ Հոգուն «հանել իմ հին բնությունը և հագցնել նորը»: Սա նշանակում է Հոգու զորությամբ սպանել մարմնի գործերը, շարունակաբար աղոթել, որ Աստված ինձանում ուղիղ հոգի նորոգի և ինձ լիովին սրբացնի՝ տանելով հասունության: Ի՞նչն եք Դուք կերակրում՝ Ձեր հին բնությունը, թե՞ նորը: Ի վերջո Ձեզ կղեկավարի նա, ում Դուք կերակրում եք:
Ճանաչե՛ք հին բնության ցանկությունները, միտումները և գործերը
Մեղքը միշտ չափից դուրս մեղսալի է և չար (Հռովմ. 7): Ահա՛ մեղավոր բնությանը հատուկ ցանկությունների, միտումների և գործերի շարքը: Դրանք ներառում են հպարտությամբ և եսասիրությամբ թելադրված բոլոր վարվելակերպերը և գործողությունները, ինչպիսիք են՝ նախանձը, կոպտությունը, անհամբերությունը, բարկությունը, դառնությունը, դատապարտությունը, չներումը, մարդկանց չընդունելը և այլն: Աստծո համար թվարկվածներից յուրաքանչյուրը մեղք է (Եփես. 4.31-32, Կող. 3.8, Ա Պետ. 2.1): Մեղք են և մարմնից են նաև սուտը, ինքնապավինությունը, ինքնահուսությունը, ինքնակախվածությունը, ինքնակենտրոնությունը, ինքնակամությունը, ինքնաբավությունը, ինքնամեծարանքը, ինքնագովեստը, ինքնահաճությունը, ուրիշների հանդեպ վատ վերաբերմունքը, ներառյալ՝ ուրիշներին վերահսկելը և իշխելը (Եփես. 6.14, Ա Պետ. 3.15, Ա Պետ. 1.3, Բ Կորնթ. 1.9, Սաղ. 31.14, Եբր. 10.35, Երեմ. 17.7): Արդյոք Ձեր սիրտն ընդունում ու հավատո՞ւմ է այս հիմնական ճշմարտություններին: Փրկությունը փրկություն է մեղքից և մեղսագործությունից, որպեսզի «դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճոլինելով Նրան» (Կող. 1.10):
Աստծուն հաճեցնելը պետք է ներառի մեղք չգործելը, իսկ մեղք գործելու դեպքում՝ այն խոստովանելը: Առանձնացե՛ք և մտորե՛ք Աստծո հետ հետևյալ մի քանի հարցերի շուրջ. հարցրե՛ք Նրան և համբերությամբ սպասե՛ք Նրա հայտնություններին ու հանդիմանություններին: Համբերատա՛ր գտնվեք. Աստծուն հետաքրքրում է Ձեր սիրտը, իսկ սիրտը շատ դանդաղ է ենթարկվում Աստծուն: Ահա՛ այդ հարցերի մասնակի ցուցակը.
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում իմ կոպտությունը և կոշտ խոսքերը:
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում այն, որ քննադատում և դատապարտում եմ այլոց:
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում այն, որ չեմ ներում ոմանց:
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում այն, որ նախանձում եմ:
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում այն, որ ինքս ինձնով եմ տարված:
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում այն, որ մարդկանց առջև գլուխ եմ գովում:
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում հեզության և խոնարհության բացակայությունն իմ ներսում:
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում մեղմության պակասը և անհամբերությունն ինձանում:
Արդյոք ես մեղսալի՞ց եմ համարում այն, որ ստում կամ կիսաճշմարտություններ եմ ասում:
Սիրելի՛ Քրիստոսի աշակերտ, դու չես կարող քո ուժերով ազատվել մարմնի կամ մարդկային բնության ցանկություններից և միտումներից: Դու չես կարող սուրբ կյանք ապրել քո սեփական վճռականությամբ: Վստահի՛ր Քրիստոսին՝ անելու դա քո փոխարեն: Վստահի՛ր Քրիստոսին. Նա էքո կյանքը: Նկատի՛ առ, որ Աստծուն վստահել նշանակում է ինքդ քեզ չվստահել: Քո անձին չվստահել նշանակում է կրել խաչը՝ ինքդ քեզ ուղղված վստահությունը դրան գամելու նպատակով: Մենք շարունակաբար անում ենք հետևյալ սխալը. որոշում ենք կայացնում և հաստատակամությամբ անում մեր կարողությունների սահմաններում առավելագույնը՝ վստահելով, որ Աստված կօգնի մեզ կատարել այն, ինչ վճռել ենք: Փոխարենը՝ պետք է որոշել վստահել Աստծուն և կանգուն մնալ այդ վստահության մեջ, քանի որ «Նա է ներգործում Ձեզանում կամենալն էլ, անելն էլ» (Փիլ. 2.13): Աստված կանի դա Իր զորությամբ: Եթե մենք չենք հավատում, որ մեղքը և մեղսալի բնությունը լիակատար չարիք են՝ մեր մահացու թշնամին, ապա չենք գիտակցում, որ անձը պետք է ուրանալ ամբողջապես և կատարելապես: Մենք պետք է փնտրենք Աստծո հայտնությունները և հանդիմանությունները՝ որպես խիստ անհրաժեշտություն: Անձն ուրանալու և խաչը կրելու այս պատվիրանը Աստծո կարևոր և սպառիչ պահանջն է: Ես լիովին և միանգամայն ԿԱՐԻՔ ունեմ, որ Քրիստոսի կյանքն ապրի ինձանում՝ ամեն օր, վայրկյան առ վայրկյան: Արդյոք տեսնո՞ւմ եք, թե Աստված ինչ պատասխանատվություն է տվել Ձեզ:
Ես պետք է ՎԵՐՑՆԵՄ Քրիստոսի կյանքը, որն ինձանում է. ես պետք է ՎԵՐՑՆԵՄ այն, ինչն Աստված տվել է: Հավատքով ես ամեն օր վերցնում եմ Քրիստոսի կյանքը, որպեսզի Նրա կյանքն ամբողջ զորությամբ գործի ինձանում՝ իմ կյանքի փոխարեն: Քրիստոսի կյանքն ինձանում պետք է, որպեսզի (1) «գերիներին թողություն քարոզեմ, կույրերին՝ տեսողություն, և խոցվածներին՝ ազատություն », (2) ԱՆՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԻՐՈՎ սիրեմ և ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅԵՄ ուրիշներին. անպայմանական հոգատարությունը, անշահախնդիր ծառայությունը, խոնարհությամբ անձը նվիրելը և Աստծուն պատկանելը նշանակում է նաև այդ ամենն անել ուրիշների նկատմամբ, ինչը ներառում է նաև (1) կետում նշվածները: Ես չեմ հարցնում, թե արդյոք հավատում եք, որ Հիսուսն է Ձեր կյանքը: Գիտեմ, որ հավատում եք այդ ճշմարտությանը: Հարցնում եմ հետևյալը՝ հավատո՞ւմ եք, որ Քրիստոսի անպայմանական սերը և խոնարհությունը պետք է ապրեն Ձեզանում, քանի որ Դուք ինքներդ ՉՈՒՆԵՔ դրանք: Հավատո՞ւմ եք, որ առանց Ձեզանում Քրիստոսի կյանքի՝ Դուք ինքներդ բոլորովին ՉՈՒՆԵՔ խոնարհություն, Ձեազնում ՉԿԱ ագապե սերը: Դուք կարիք ունեք, որ Հիսուսն Իր լիակատար կյանքն ապրի Ձեզանում, քանզի Ձեր սեփական հոգևոր կյանքը դատարկ է և զրոյական. սա այն ճշմարտությունն է, որը տեսնելու հարցում թերանում ենք: Մենք մեր կրոնական մարմնի զոհն ենք: Դուք չունեք հոգևոր կյանք, միայն Հիսուսն ունի: Հավատո՞ւմ եք սրան: Եթե հավատում եք, ապա պատրաստ եք հավատքով ապրելուն:
Ես չէ, որ՝ որպես հավատացյալ, պետք է օգնեմ Աստծուն. իմ օգնությունը պետք է գամված լինի խաչին: Ճշմարտությունն ընդունելը նույնը չէ, ինչ դրան հավատալը: Մենք հաճախ անտեսում ենք մեր անհավատությունը և չենք զգում, որ նման բան կա մեր կյանքում: Ստուգե՛ք ինքներդ Ձեզ. ընդունել և համաձայնել դեռևս չի նշանակում հավատալ: Քրիստոսին ապրելու համար մենք պետք է վերապրենք խաչելություն Քրիստոսի հետ. «Ես (իմ բնությունը) Քրիստոսի հետ խաչված եմ» (Գաղ. 2.20):