Այս ճշմարտությանը հավատալը և այն ամեն օր հռչակելը
Ճշմարտությունը վերապրել նշանակում է հավատալ և հռչակել այն: Ձեր առավոտյան պաշտանմունքը սկսե՛ք հավատքով դավանելով, որ այդ օրը Ձեր ներսում միայն Քրիստոսի կյանքն է գործելու և Սուրբ Հոգին հիշեցնելու և առաջնորդելու է Ձեզ՝ հավատքով և սրտանց անելու այդ դավանությունը, երբ դրա անհրաժեշտությունը լինի: Սա պետք է անել ամեն օր և ոչ թե ամիսը մեկ անգամ, քանի որ Ձեզ կյանքը կախված է Ձեր կենդանի հավատքից: Մերժե՛ք սատանային, երբ նա ասի՝ «Ոչի՛նչ: Կարող ես այսօր մոռանալ այդ մասին: Մեծ բան չէ»: Դա սուտ է: Արդյունքում տեղի կունենա այն, որ Դուք աստիճանաբար կկորցնեք զգայունությունը Սուրբ Հոգու ձայնի նկատմամբ: Օրվա ընթացքում, երբ մեղքը հարձակում գործի Ձեզ վրա, հռչակե՛ք Աստծո ճշմարտությունը, նորից ու նորից հավատքով կրկնե՛ք այն, մինչև որ հարձակումից կազատվեք: Շատերը չեն հետևում այս ճշմարտությանը, ինչի արդյունքում շատ ձախողումներ են ունենում: Եկե՛ք դիտարկենք սա բարկության և անհամբերության օրինակով:
Երբ ինչ-որ իրավիճակում Ձեր ներսում բարկություն և անհամբերություն է բարձրանում, անմիջապես սրտանց և հավատքով ասացե՛ք հետևյալ խոսքերը. «Ես մեռած եմ բարկության համար և կենդանի եմ համբերատարության համար: Ես մեռած եմ մեղքի և իմ մեղսալի բնության համար, սակայն կենդանի եմ Աստծո համար: Իմ ներսում Հիսուսի կյանքն է գործում: Հիսուս Քրիստոսն է իմ կյանքը: Նրա լիությունն իմն է: Նրա լիակատար համբերատարությունն իմ կյանքն է»: Այնուհետև շարունակե՛ք. «Աստծո այս ճշմարտությունը հռչակում եմ սատանայի և իմ մեղսալի բնության դեմ: Հիսուսն Է իմ կյանքը և իմ փրկությունը: Իմ Փրկչի անունով և իշխանությամբ ես կապում եմ իմ ներսում բարձրացող բարկությունը և անհամբերությունը: Կապում և դուրս եմ նետում դրանք ինձնից Հիսուսի անունով: Իմ մարմինն ինձ վրա չունի իշխանություն. այն գամված է Հիսուսի խաչին: Քրիստոսի հաղթանակն իմ հաղթանակն է: Նա ապրում է իմ ներսում: Իմ ամենակարող Աստծո զորությամբ ես ուրանում և մերժում եմ իմ մեղսալի բնությունը, իմ բարկությունն ու անհամբերությունը: Ես հանձնվում և իմ բնությունը գամում եմ Քրիստոսի խաչին: Այժմ ինձանում լիովին գործում է Քրիստոսի կյանքը: Շնորհակալությո՛ւն, Տե՛ր, որ ազատել ես ինձ իմ բնության իշխանությունից: Փա՛ռք եմ տալիս Քեզ, Տե՛ր»: Գուցե երբեմն, երբ մարմինը կրկին գլուխ բարձրացնի, հարկավոր լինի մի քանի անգամ կրկնել այս աղոթքը և ինքներդ Ձեզ լցնել ճշմարտությունով՝ բարկության ու անհամբերության մասին: Հարձակումները նորից կգան այլ եղանակներով. այդուհանդերձ Ձեր ներսում է Աստծո կարող զորությունը՝ հարյալ կյանքի զորությունը:
Սովորությո՛ւն դարձրեք ամենօրյա հավատքի այս դավանությունը. «Քրիստոսում ես մեռած եմ բարկության համար և կենդանի եմ համբերատարության համար»: Ամեն օր Ձեր գիտակցությունը լցրե՛ք Աստծո ճշմարտությունով՝ կրկնելով, հավատալով և հռչակելով այն: Հռչակե՛ք այն սատանայի դեմ: Դրանով Դուք Աստծո զորությամբ կկերակրեք Ձեր հոգին և կմերժեք Ձեր մարմինը: Աստծո ճշմարտության այս դավանությունը կրկնողաբար անելով՝ Դուք հետևյալ խոսքն եք կատարում. «Մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր, բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում, և ամեն բարձրություն՝ որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ. ևգերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթ. 10.3-6)։
Զգուշացում. Եթե Դուք գործուն կերպով չեք հավատում, որ «մեռած եք բարկության համար և կենդանի եք համբերատարության համար», ապա թույլ եք տալիս, որ Ձեր կյանքում «դիվային բերդ» կառուցվի: Այդպիսով, Դուք շարունակում եք ապրել ինքնակենտրոն կյանքով, այսինքն՝ թույլ եք տալիս, որ «մարմնի խորհուրդը գոռոզանա Աստծո դեմ»: Դուք թույլ եք տալիս, որ Ձեր մարմինը և մարդկային բնությունը ազատ ապրեն և Ձեզ կառավարեն: Իսկ ճիշտ ժամանակին ճշմարտությունը հռչակելը՝ «Ես մեռած եմ բարկության համար և կենդանի եմ համբերատարության համար» «քանդում է խորհուրդները և ամեն բարձրություն՝ որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ»: Մենք ընդամենը հռչակում ենք Աստծո ճշմարտությունը: Հռչակված ճշմարտությունն ուղղված է Ձեզ, աշխարհին և սատանային: Ականջ մի՛ դրեք ռացիոնալացումներին. դրանք բխում են ինքնակենտրոն կյանքից:
Երբեք մի՛ սկսեք Ձեր օրն՝ առանց առավոտյան պաշտանմունքին մի քանի րոպե տրամադրելու և խաչի հաղթանակը Ձեր կյանքում հռչակելու: Սա շատ կարևոր և անհրաժեշտ քայլ է: Ձեր մեղավոր բնությունը խաչվել է Քրիստոսի հետ. սա իրական և բառացիորեն ճշմարիտ փաստ է: Ուստի, սովորությո՛ւն դարձրեք ամեն օր հավատքով հռչակել դա: Ձեր գիտակցությունը լցրե՛ք այս ճշմարտությամբ՝ կրկնելով, հավատալով և հռչակելով այն: Սա անհրաժեշտություն է Ձեր ամենօրյա կյանքում: Ականջ մի՛ դրեք մեղքի բնության ռացիոնալացմանը: Մերժե՛ք և կապե՛ք սատանային ու նրա բոլոր մեղադրանքները Ձեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ով Ձեր կյանքն Է:
Հարկավոր է ամեն օր և ամեն վայրկյան հավատքով և նպատակայնորեն «հանել հին մարդուն և հագնել նոր մարդուն»: Դժվար է պատկերացնել «ամեն օր և ամեն վայրկյան» դա անելը, քանզի մենք լիովին համոզված չենք, որ մեր անձը կամ հին մարդը ամբողջապես մեղսալի և չար են. արդյունքում թաքնվում ենք մեր ընթացիկ կյանքի ստվերում: Շատերն անտարբեր և անհոգ են իրենց կյանքը փոխելու հարցում. նրանք փորձել են ամեն բան անել իրենց կարողություններով, ձախողվել են և հիմա շատ հոգնած են ու չեն ցանկանում որևէ բան անել: Ձախողվել են, քանի որ գործի են դրել սեփական ջանքերն ու կարողությունները՝ առանց լիարժեք կախվածություն ունենալու Քրիստոսից: Մենք չենք գիտակցում, որ ինքնակենտրոն կյանքը՝ ներառյալ եսասիրությունը, ինքնակախվածությունը, ինքնապավինությունը, մեղքեր են՝ մեր մեղքերը. դրանք չարիք են: Մենք չենք գիտակցում մեր մեղքերը, չենք հավատում, որ դրանք չափազանց մեղսալի են (Հռովմ. 7): Մենք համոզված չենք, որ մեր սեփական մեղքերը՝ հատկապես հոգատարության և սիրո բացակայությունը միշտ մեղսալի են և չար. անգիտություն է տիրում: Իսկ երբ տիրում է կյանքի Հոգին, անգիտությունը վերանում է:
Քրիստոսն է իմ կյանքը: Ես խաչվել եմ Քրիստոսի հետ: Այլևս ես չեմ ապրում, այլ՝ Քրիստոսն է հավատքով ապրում ինձանում: Նա իր կյանքը տվել է, որ ինձանում ապրի: Ենթարկե՛ք Ձեր կյանքն այս ճշմարտությանը: Այն Ձեր փրկությունն է:
Աստծո ճշմարտությունները վերապրել նշանակում է հավատալ և հռչակել դրանք: