9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Խաչված Քրիստոսի հետ

Ամենօրյա պաշտանմունք. Քրիստոսն է իմ կյանքը

Մեր միությունը Քրիստոսի հետ սկսվում է այն միությամբ, որն ունենք խաչի վրա Քրիստոսի մահվան հետ: Իմ միությունը Քրիստոսի հետ Քրիստոսին բերում է իմ մեջ:

Դրությունն ու կարիքը

Իմ ընկերակցությունը Քրիստոսի հետ սկսվում է խաչի վրա, որն իմ ու Նրա միության վայրն է: Խոսքը հռչակում է հետևյալը՝ «Նրա մահի նմանությունով Նրա հետ տնկվեցինք» (Հռովմ. 6.4-5), «Նրա մահվան կերպարանակից լինելով» (Փիլիպ. 3.10), «Ես Քրիստոսի հետ խաչված եմ» (Գաղ. 2.19): Սա տեղի է ունեցել ավելի, քան երկու հազար տարի առաջ. իմ մեղավոր բնությունը խաչվել է Քրիստոսի հետ: Եվ ես պետք է այս իրողությունը վերաբերական և իրական դարձնել իմ ամենօրյա կյանքում: Իմ բնությունը մեռած է Քրիստոսում: Մեղավոր բնությունը և չար էությունը բոլորովին ենթակա չէ բուժման. այն չի կարող մաքրվել: Խաչը Աստծո լուծումն է մարդու ժառանգած այս մեղավոր բնության համար: Փրկությունը պայմանավորված է ոչ միայն մեղքը թողնելով, այլև՝ Քրիստոսին վստահելով, որ Նա կազատի մեզ մեր էությունից՝ մեր կյանքի առանցքից և անեծքից: Մենք պետք է սովորենք հավատալ այս ճշմարտությանը և ամեն օր հավատքով գործի դնել այն մեր կյանքում՝ «Ես Քրիստոսի հետ խաչված եմ։ Եվ կենդանի եմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն էկենդանի ինձանում» (Գաղ. 2.19-20): Սա տեղի է ունենում, երբ մահը գործադրում ենք ինքնակենտրոն կյանքի վրա՝ ամեն օր ուրանալով և մերժելով մեղքն ու մեղավոր բնությունը Աստծո հանդեպ հավատքի միջոցով: Հավատացե՛ք և ամեն օր հռչակե՛ք, որ Քրիստոսում Դուք մահացած եք Ձեր մեղքի համար, մահացած եք դրա զորության համար, և Ձեր մեղավոր բնությունը խաչված է Քրիստոսի հետ:

Հավատքով  Ձեր բնությունը ենթարկե՛ք խաչին: Եվ շարունակե՛ք հավատքով հռչակել. «Կենդանիեմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում»: Այդպիսով Դուք պարզապես աստվածաշնչյան մեջբերում չէ, որ անում եք, այլ՝ հռչակում եք Աստծո ճշմարտությունը, ինչն աստվածային զորություն ունի, երբ հավատքով ազատ է արձակվում: Սա պետք է հավատքով անել ամեն օր: Մեղավոր բնության դեմ այս աստվածային զորությունը անհատույց տրվում է Աստծո փրկարար շնորհքով, սակայն այն ինքնաբերաբար գործող զորություն չէ: Այն պետք է յուրացնել ամեն օր՝ վայրկյան առ վայրկյան: Եթե այս ճշմարտության պակասն ունենանք, ապա միանշանակ կձախողվենք: Այստեղ է մեր խնդիրն ու տկարությունը: Շատերը կարծում են, թե երբ մեղքը հարձակում է գործում մեզ վրա, այս աստվածային զորությունը ինքնաբերաբար գործում է մարմնի կամ մեղավոր բնության դեմ: Դա այդպես չէ. մենք պետք է օրեցօր, վայրկյան առ վայրկյան ստանանք Աստծո զորությունը և վերցնենք այն, ինչն անհատույց տրված է մեզ Աստծո շնորհքով: Երկնային մանանան իսրայելացիներին տրվում էր ամեն օր: Մեկ օրվա մանանան անպիտան էր հաջորդ օրվա համար: Մենք պետք է խաչի զորությունը յուրացնենք ամեն օր՝ վայրկյան առ վայրկյան: Միայն խաչը կարող է սպանել հին մարդուն՝ մեղավոր բնությունը: Ահա՛, թե ինչու է Հիսուսն ասում մեզ՝ «Վերցրո՛ւ խաչդ և հետևի՛ր Ինձ»: Խաչը չի վերաբերում կյանքի վատ ու դժվար իրավիճակներին կամ տառապանքներին, որոնք պատահում են բոլորի հետ: Ես պետք է ամեն օր իմ էությունը բարձրացնեմ խաչը՝ հավատքով ուրանալով այն Ամենակարող Քրիստոսի զորությամբ, որն իմ մեջ է: Այս աստվածային զորությունը պետք է յուրացնել վայրկյան առ վայրկան՝ միշտ, երբ դրա կարիքն ունենք՝ ամեն օր: Նրա մահի նմանությունով Նրա հետտնկվեցինք, ուրեմն Նրա հարությանն էլ նման կլինենք։ Ընկերակցությունը խաչյալ Քրիստոսի հետ կտանի Ձեզ ընկերակցության հարյալ Քրիստոսի հետ:

Շատ քրիստոնյաներ իրենց բնությունը ճնշում են սրբության մասին մտքերով և փորձում Աստծուն ու մարդկանց ընդունելի լինելու համար փոխել սեփական վարքագիծը՝ կամքի ուժ գործադրելով: Սա արվում է հին մարդու միջովով, վերջինիս բնական կարողությամբ, կարգապահությամբ և տրամաբանությամբ: Արդյունքը կլինի երկրային և ոչ երբեք՝ երկնային. կհասնենք մարդկային ձևափոխումների, սակայն՝ ոչ աստվածային փոփոխությունների: Շատերը իրենք իրենց ստիպում են բարոյական պարտք կատարել՝ առանց նախ և առաջ ընդունելու խաչյալ կյանքը՝ ինքնակենտրոն կյանքի ուրացումը: Սա դիվային խաբկանք է, իսկ մենք կուրորեն ընդունում ենք այն: Այդպիսով, ձգտում ենք երկնային օրհնություններին, սակայն չենք ձգտում Կյանքի Հացը ստանալ Երկնքից, որպեսզի դրանով փոխարինենք մեր ինքնակենտրոն կյանքը:

Բոլորս կարիք ունենք տեսնելու և ընդունելու մեր դրությունն ու կարիքը: Բոլորս պետք է դրանց վերաբերյալ որոշակի համոզվածություն ունենանք մինչ կընտրենք այն ճանապարհը, որով պետք է գնանք:

Ճանապարհը

Մենք պետք է սովորենք ամբողջովին և շարունակաբար կախում ունենալ Աստծուց՝ այնպես, ինչպես Քրիստոսն ուներ: Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ է ասում Քրիստոսն Ինքն Իր մասին. «Որդին Իրանից կարող չէ ոչինչ անել» (Հովհ. 5.19): «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպես լսում եմ՝ այնպես եմ դատում, և իմ դատաստանն արդար է. որովհետև իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հոր կամքը» (Հովհ. 5.30)։ «Ես մարդկանցից փառք չեմ առնում» (Հովհ. 5.41)։ «Որովհետև Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհ. 6.38): «Իմ վարդապետությունն Իմը չէ (Հովհ. 7.16): «Եվ Ես Իմ անձից չեմ եկել» (Հովհ. 7.28): «Եվ իմ անձից ոչինչ չեմ անում» (Հովհ. 8.28): «Որովհետև ոչ թե Իմ անձիցն եկա այլ Նա ուղարկեց ինձ» (Հովհ. 8.42)։ «Ես իմ փառքը չեմ որոնում» (Հովհ. 8.50): «Այն բանն՝ որ Ես խոսում եմ ձեզ հետ, Իմ անձիցը չեմ խոսում (Հովհ.14.10):  «Այն խոսքը որ լսում եք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հորը» (Հովհ.14.24)։ Տեսնո՞ւմ եք Հիսուսի կատարյալ կախվածությունը Հորից:

Աստված մեզ ցույց է տալիս ու սովորեցնում է, որ Քրիստոսի կյանքի և աշխատանքի ամենախորն արմատը բացարձակ կախումն է Հորից. Հիսուսի սրտի դիրքը կամ կարգավիճակը՝ որպես Որդի, խորը խոնարհությունն է՝ լիարժեք ենթակայությունը Հորը: Աստված մեզ հայտնում է, որ Հիսուսի իսկությունը և կյանքը խոր խոնարհությունն է և ամեն բանում բացարձակ կախումը Հորից: Առանց իրական խոնարհության անհնար է սիրել իրական «ագապե» սիրով: Մենք ևս Քրիստոսի նման պետք է ապրենք՝ բացարձակ և շարունակական կախում ունենալով Հայր Աստծուց: Մենք ոչ մի կերպ չենք կարող ինքնուրույն ապրել այս կյանքը: Սա այն կյանքն է, որը Հիսուսը ցանկանում է ապրել մեզանում, և ես պետք է դա թույլ տամ՝ վայրկյան առ վայրկյան համաձայնելով խաչել իմ ինքնակենտրոն կյանքը:

Մեր ողբերգությունն այն է, որ նոր կյանքը փորձում ենք ապրել մեր ջանքերով՝ հույսը դնելով ինքներս մեզ, նախկին փորձառություններից ստացված կարողությունների և իմաստության վրա, այլ ոչ՝ Սուրբ Հոգու զորության: Մենք մեր բնությամբ ցանկանում ենք օգնել Աստծուն՝ օգնել, որ նոր կյանքը հաստատվի մեզանում, սակայն Ավետարանը նման բան չի սովորեցնում: Այդ կերպ չի լինում: Նոր կյանքը Քրիստոսի կյանքն է ինձանում. Նա իմ օգնության կարիքը չունի. իմ օգնությունը պետք է խաչված լինի: Իմ բնությունը (իմ օգնությունը) պետք է մնա խաչի վրա. այն Քրիստոսի և նոր կյանքի մահացու թշնամին է:

Մենք այս աշխարհ ենք գալիս ինքնակենտրոն կյանքի հանդեպ սիրով, եսասիրությամբ և հպարտությամբ: Այս մեղավոր բնությունը ժառանգել ենք Ադամից: Հին մարդու մեջ տեսնում ենք ինչ-որ լավ բաներ, ինչի պատճառով չենք ատում այն: Մենք չենք ատում մեր մեղքերը, քանի որ չենք ձգտում տեսնել դրանց մեղսալիությունը: Շարունակում ենք ականջ դնել մարմնի ձայնին այն մասին, թե իբր կարևոր չէ ճանաչել մեր մեղքերը և դրանց բնույթը: Մարմինը գաղտնի փոքրացնում է մեղքը մեր աչքերում և արգելակում մեղքի մասին մեր մտքերը: Մեր մեղավոր բնությունը ստիպում է մեզ լսել մասկանի ճշմարտությունը միայն, այն է՝ «չկա դատապարտություն», և արգելափակում է Աստծո ճշմարտության մյուս մասը մեղքի մասին: «Չկա դատապարտություն» ճշմարտությունը մեր ճանապարհի վերջնակետը չէ, Աստված այնքա՜ն աշխատանք է ցանկանում մեր ներսում կատարել՝ ուղղված մեղքին և մեղսալիությանը: Քրիստոսը պետք է լինի ամենն ամենի մեջ (Կող. 3.10-11): Խաչի վրա լիովին ոչնչացվել է ինքնակենտրոն կյանքի զորությունը, եթե Ձեր անհավատությամբ, անտարբերությամբ և անփութությամբ թույլ չտաք, որ այն նորից հառնի: Ահա՛, թե ինչն է պակասում մեր հասկացողության և մեր կյանքերի մեջ: