ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մենք սիրում ենք բարդել մեր մեղավորությունն ուրիշների վրա։ Գայթակղվելիս մենք պատրաստակամորեն մեղադրում ենք Աստծուն մեր պայքարների համար։ Սուրբ գիրքն ասում է, որ գայթակղության ճնշումը գալիս է մեր իսկ սրտերից։ Աստված չի գայթակղեցնում մեզ. Նա օգնում է մեզ ազատվել գայթակղությունից։ Շնորհիվ այն աշխատանքի, որը Քրիստոսը կատարել է մեր փոխարեն, մենք կարող ենք դիմակայել գայթակղության գրոհներին։
Օրինակ.
Ինչպե՞ս են որսում առնետներին։ Միջոցներից մեկն առնետների թույն օգտագործելն է, որը կա, օրինակ, «դի-Քոն» կոչվող թունավոր կերի մեջ։ «Դի-Քոն»-ը գրեթե 99%-ով բաղկացած է կերից, և 1%-ով՝ «բրոդիֆակում» կոչվող թույնից։ Այս թույնն այնքան արագ է ջրիկացնում առնետների արյունը, որ նրանց մոտ արյունազեղումներ են սկսվում։ Իհարկե, դուք չեք կարող առնետներ բռնել, եթե բրոդիֆակումով լցված մի գեղեցիկ բաժակ դնեք հատակին։ Այն չի հրապուրի նրանց։ Ահա թե ինչու մահացու թույնն այնպես է քողարկվում, որ հրապուրիչ դառնա առնետների համար. այն քողարկվում է սնունդով։ Հետևելով իրենց քաղցին՝ առնետներն ուտում են այն, ինչը սկսում է դանդաղորեն կործանել նրանց։
“Աշակերտություն” անվամբ ամսագրի ընթերցողների շրջանում կատարած վերջին ուսումնասիրության ժամանակ, դասակարգել են ամենամեծ հոգևոր մարտահրավերների տարբեր ոլորտներ:
1.Մատերիալիզմ / Materialism
2.Հպարտություն / Pride
3.Եսակենտրոնություն / Self-centeredness.
4.Ծուլություն / Laziness
5. Զայրույթ/ Դառնություն / Anger/Bitterness.
6. Սեռական կիրք / Sexual lust.
7.Նախանձ / Envy
8.Շատակերություն / Gluttony
9.Խաբեբայություն / Lying
Ուսումնասիրությանը մասնակցողները նկատել էին, որ այս փորձությունները ավելի շատ գալիս են այն ժամանակ, երբ նրանք չեն ցանկանում Աստծո հետ ժամանակ անցկացնել (81%) և այն ժամանակ, երբ նրանք ֆիզիկապես հոգնած վիճակում են (57%): Աղոթքի միջոցով փորձությանը դիմակայում են (84%), կոմպրոմիսային իրավիճակներից խուսափում են(76%), Աստվածաշնչի ուսումնասիրություն (66%) և որևէ մեկի հանդեպ պատասխանատու լինելը (52%).
ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ
Բանալի խոսք.
Մատ. 4:1-11
Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։ 2 Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։ 3 Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։ 4 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։ 5 Այն ժամանակ սատանան նորան առաւ տարաւ սուրբ քաղաքը, եւ կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վերայ, 6 Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. որովհետեւ գրուած է թէ՝ Իր հրեշտակներին կհրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբէք։ 7 Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է թէ՝ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։ 8 Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցույց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը, 9 Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կտամ, եթէ ընկած երկրպագես ինձ։ 10 Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։ 11 Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։
1. ԱՍՏՎԱԾ ՉԻ ԳԱՅԹԱԿՂԵՑՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱ ՍՏՈՒԳՈՒՄ Է (ՄԱՏԹԵՈՍ 4։1)։
Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայից։
- Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը Հոգուց անապատ տարվեց, որ սատանան գայթակղեցներ Նրան։ Մենք գիտենք Հակոբոսի գրքի մեր խմբակային ուսուցումից, որ Աստված ոչ ոքի չի գայթակղեցնում (Հակոբոս 1։13)։ Ուրեմն, ինչո՞ւ Սուրբ Հոգին առաջնորդեց Հիսուսին անապատ՝ հատկապես գայթակղությանը հանդիպելու նպատակով։ Մտածեք այս գաղափարների մասին.
- Հիշեք՝ Հակոբոսը գրում է, որ «մեր հավատքի փորձառությունը (կամ՝ ստուգումը) համբերություն է գործում» (Հակոբոս 1։2)։ Համբերությամբ հարատևելը պարզապես ցանկալի հատկանիշ չէ հասուն քրիստոնյայի համար. այն անհրաժեշտություն է։ Հակոբոսը շարունակում է՝ ասելով, որ «Համբերությունը պետք է կատարի իր աշխատանքը Քրիստոսի հետևորդի կյանքում, որպեսզի նա հասուն և կատարյալ լինի, և ոչ մի բանի պակասություն չունենա»։ Այնպես որ, Աստված անելու է այն, ինչ պահանջվում է՝ այս առաքինությունը մեզանում ձևավորելու համար։
- Ամեն ուսուցիչ մեր կյանքում ստուգարքներ է տվել է մեզ, այնպես չէ՞։ Հիմնականում մենք ունեցել ենք երկու տեսակի ուսուցիչներ՝ այնպիսիք, որոնք ստուգում էին մեզ, որպեսզի ամրացնեին մեր գիտելիքները, և այնպիսիք, ովքեր ստուգում էին մեզ՝ փորձելով բռնել մեզ սխալի մեջ (այն դեպքում, եթե մենք չէինք յուրացրել ուսումնական նյութը)։ Մտածեք այն մասին, թե ինչպե՛ս եք դուք ընկալում Աստծուն։ Ինչպիսի՞ ուսուցիչ է Նա։
Աստված մշտապես օգնում է ազատվել ամեն գայթակղությունից (կարդացեք Ա Կորնթացիների 10։13)։
1 Կոր. 10:13 – 13 Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել։
2. ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ Է (ՄԱՏԹԵՈՍ 4։4, 7, 10)։
4 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանից։ 7 Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է թէ՝ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։ 10 Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. որովհետեւ գրուած թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։
- Այն երեք գայթակղությունները, որոնց մասին գրում է Մատթեոսը, ներկայացնում են լայն ոլորտներ, որոնց կարելի է վերագրել մեր ներկայիս գայթակղությունները։
- Առաջինը վերաբերվում էր նյութական կարիքներին։ Հիսուսը քաղցած էր, և սատանան գայթակղեցնում էր Նրան քարերը հաց դարձնելու մտքով։
- Երկրորդը դժվարությունները շրջանցելու գայթակղությունն էր։ Հիսուսը գիտեր, թե ի՛նչ պետք է աներ՝ Հոր ծրագիրն իրագործելու համար։ Նա պետք է Երուսաղեմ գնար, չարչարվեր և սպանվեր (կարդացեք Մատթեոս 16։21)։ Սատանան գայղթակղեցնում էր Հիսուսին շրջանցել այդ ամենը Աստծո զորության աներևակայելի ցուցադրման միջոցով, ինչը, անկասկած, կհամոզեր մարդկանց, որ Նա Աստծո Որդին է։
- Վերջապես, սատանան գայթակղեցրեց Հիսուսին՝ իշխանություն առաջարկելով. «Ես կտամ Քեզ աշխարհի բոլոր թագավորությունները, եթե երկրպագես ինձ»։
- Հիսուսը պատասխանեց սատանայի երեք գայթակղություններին էլ Աստծո Խոսքով։ Ուշադրություն դարձրեք, որ Նա չասաց. «Մի րոպե սպասիր, սատանա՛, մինչև գտնեմ այս խոսքը»։
- Աստծո Խոսքը ծածկված էր Նրա սրտում, որ Նա չմեղանչեր Աստծո դեմ (Սաղմոս 119։11)։ Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք պետք է շփվենք Աստծո Խոսքի հետ ամեն օր, ոչ թե հանենք Աստվածաշունչը դարակից «արտակարգ իրավիճակների» դեպքում։
- Նկարագրելով Աստծո սպառազինությունը Եփեսոսի եկեղեցուն՝ Պողոս առաքյալն անվանեց Աստծո Խոսքը «Հոգու սուրը» (Եփեսացիների 6։17)։ Այն հավատացյալի ամբողջ սպառազինության միակ հարձակողական զենքն է։ Դուք պետք է իմանաք, թե ո՛րն է Աստծո ամբողջական սպառազինության առաջնային նպատակը։ Եփեսացիների 6։11-ում գրված է, որ այն «սատանայի հնարքներին հակառակ կանգնելու» համար է։
3. ԵՐԲ ՄԵՆՔ ՀԱԿԱՌԱԿՎՈՒՄ ԵՆՔ, ՍԱՏԱՆԱՆ ՓԱԽՉՈՒՄ Է, ԵՎ ՀՈԳԻՆ ԶՈՐԱՑՆՈՒՄ Է ՄԵԶ (ՄԱՏԹԵՈՍ 4։11)։
11 Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։
- Խոսք 11-ում գրված է, որ սատանան թողեց Հիսուսին, և հրեշտակները եկան ու ծառայեցին Նրան։ Համեմատելով այս պատմությունը զուգահեռ հատվածի հետ Ղուկասի Ավետարանում (Ղուկաս 4։13)՝ դուք կտեսնեք հետևյալ արտահայտությունը. «Եվ սատանան հեռացավ Նրանից մինչև մի նպաստավոր ժամանակ»։ Մենք գիտենք, որ սատանան երկար ժամանակով հանգիստ չի թողնի մեզ։
- Բայց Աստվածաշունչը խոստանում է, որ երբ մենք «հակառակվենք սատանային, նա կփախչի» մեզանից (Հակոբոս 4։7)։ Ուշադրություն դարձրեք «փախչել» բառի վրա։ Փախուստի պատճառը՝ ավելի գերազանց ուժի հանդիպելն է։
- 7Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից։
- Աստված խոստանում է, որ Նրա Հոգին կօգնի մեզ մեր տկարություններին (Հռոմեացիների 8։26)։
- 26Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եկեք անդրադառնանք գործնականին։ Ինչպե՞ս հակառակվել գայթակղությանը։
Մենք արդեն հիշատակեցինք ամենակարևորը՝ Աստծո Խոսքը ճանաչելը և այն ձեր սրտում պահելը։ Եվ եթե դուք չեք հաճախում տնային խմբակ, որն օգնում է մշտապես ուսումնասիրել և կիրառել Աստծո Խոսքը, դուք պետք է սկսեք անել դա։
Գայթակղությանը հակառակվելու երկրորդ միջոցը դրա գործելակերպը հասկանալն է։ Մենք գայթակղվում ենք, երբ ցանկությունը և հնարավորությունը համընկնում են։
Մտածեք ամեն մի դեպքի մասին, երբ դուք տեղի եք տվել գայթակղությանը։ Դա մշտապես տեղի է ունենում ցանկության և հնարավորության «հատման կետին»։
- Այնպես որ, երբ դուք մեղք գործելու ցանկություն եք զգում, խնդրեք Աստծուն հեռացնել դրա հնարավորությունը։
- Երբ դուք մեղք գործելու հնարավորություն ունեք, խնդրեք Աստծուն վերցնել ձեզանից մեղանչելու ցանկությունը։
Իսկ Ի՞նչպես
- Հիշեք՝ Աստված մշտապես գայթակղությունից հեռանալու հնարավորություն կտա։
- Միգուցե դա նշանակում է՝ դնել համակարգիչն այնպիսի տեղում, որ բոլորը սենյակում կարողանան տեսնել այն։
- Կամ՝ ունենալ այնպիսի ընկեր, ով զանգահարում է ձեզ ամեն երեկո գործուղման ընթացքում՝ երբ դուք տանը չեք։
- Կամ՝ փոխել աշխատանքից տուն գնալու ճանապարհը։ Բայց հնարավոր է, որ դուք չկարողանաք խուսափել մեղանչելու հնարավորություններից։ Այդ դեպքում, խնդրեք Աստծուն հեռացնել մեղք գործելու ցանկությունը։ Խնդրեք Նրան այնպիսի ցանկություն առաջացնել ձեզանում Աստծո իրողությունների հանդեպ, որ այս աշխարհի իրողությունները խամրեն դրա համեմատ։
Մարտին Լյութերն ասաց. «Ես չեմ կարող արգելել թռչուններին թռչել իմ գլխավերևով, բայց ես կարող եմ արգելել նրանց բույն դնել մազերիս մեջ»։ Արդյո՞ք դուք թույլ եք տվել որևէ գայթակղության բույն դնել ձեր մտքում։ Այդ դեպքում, սկսեք աշխատել այս շաբաթ՝ այդ բները քանդելու համար։