Բանալի համարներ. Ելից 16.4, Հովհաննես 6.31-51
-
Մեր ամենօրյա հացը
Երբ Աստված մանանա ուղարկեց Իսրայելի որդիներին, որ ուտեն, Նա դա ամեն օր արեց: Նմանապես մենք կարիք ունենք ամեն օր ուտել Աստծո հացը, որ Աստվածաշունչն է: Շատ հավատացյալներ թերսնված են, որովհետև Աստվածաշունչը նրանց կյանքի ամենօրյա սննդակարգի մաս չի կազմում: Հասանելի են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ, ինչպես նաև աստվածաշնչյան անվճար էլեկտրոնային հավելվածներ: Ընտրիր քեզ համար լավագույն տարբերակը և Աստվածաշնչի ընթերցանությունը քո ամենօրյա կյանքի մաս դարձրու:
-
Մեզ պահող հացը
Երբ սատանան մոտեցավ Հիսուսին և փորձեց Նրան, Հիսուսն օգտագործեց Սուրբ Գիրքը՝ սատանային հաղթելու համար: Մատթեոս 4.4-ում Հիսուսը մեջբերում է անում Բ Օրինաց 8.3-ից. «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Աստծո Խոսքը բառացիորեն պահում է մեր կյանքը: Լիառատ կյանք ապրելու համար դու պետք է իմանաս Աստվածաշունչը և անես նրա ասածները:
-
Մեր ճշմարիտ հացը
Հովհաննես 6-րդ գլխում Հիսուսը ժողովրդին հիշեցրեց, որ Աստված նրանց նախահայրերին մանանա էր տվել անապատում, Եգիպտոսից դուրս գալուց հետո: 35-րդ համարում Հիսուսը նրանց ասաց, որ նրանց երկնային Հայրը նրանց տվել էր ճշմարիտ հացը: «Ես եմ կյանքի հացը»,- հայտարարեց Նա: Երբ մենք կարդում ենք Աստծո Խոսքը, մենք ստանում ենք Հիսուսի կյանքն ու զորությունը:
Քննարկում
- Կարդացեք Հովհաննես 6.31-35 և 48 համարները: Ի՞նչ իմաստով է Հիսուսը նման հացի:
- Հին Կտակարանում Աստված ամեն օր մանանա էր ուղակում: Ինչո՞ւ է կարևոր Աստվածաշնչի ընթերցանությունն ամենօրյա կյանքի մաս դարձնել: Ի՞նչ ազդեցություն կարող է մեզ վրա ունենալ «ամենօրյա հաց» ուտելը և չուտելը:
- Եղե՞լ է քո կյանքում, որ կարդաս Աստվածաշունչը և Աստված ուղղակի խոսի քեզ հետ քո կյանքի կոնկրետ իրավիճակի վերաբերյալ: Եթե այո, կիսվիր, թե ինչ ազդեցություն դա ունեցավ քեզ վրա:
- Որո՞նք են Սուրբ Գրքի համարներ անգիր անելու և դրանք մեր կյանքում կիրառելու գործանական կերպերը:
- Կարդա Մատթեոս 4.3-4-ը: Երբ Հիսուսը փորձվում էր, Նա գործածեց Սուրբ Գիրքը՝ հաղթելու համար: Պատմիր մի դեպք, երբ դու գործածել ես Սուրբ Գիրքը՝ քո կյանքի որևէ ասպարեզում հաղթելու համար, կամ դժվարությունների միջով անցնելիս, ինչպես են որոշ խոսքեր քեզ օգնել հաղթահարելու դրանք:
- Քո կյանքի ո՞ր ասպարեզներում դու օգնության կամ հաղթահարելու կարիք ունես: Այս շաբաթվա ընթացքում ժամանակ հատկացրու գտնելու կոնկրետ համարներ, որ վերաբերում են քո իրավիճակին: (Օրինակ, եթե դու պայքարում ես անհանգստության դեմ, անգիր արա Փիլիպպեցիների 4.6-ը): Խմբում այս շաբաթ քաջալերեք իրար, և երբ հաջորդ անգամ հանդիպեք, կիսվեք, թե ինչպես աստվածաշնչյան խոսքերը ձեզ օգնեցին:
Ամփոփելիս, հիշիր.
- Աստվածաշունչը մեր ամենօրյա հացն է
- Աստվածաշունչը մեզ պահող հացն է
- Աստվածաշունչը մեր ճշմարիտ հացն է՝ Հիսուսը
Աղոթք
Երկնային Հայր, շնորհակալ եմ, որ Հիսուսին ուղարկեցիր որպես Կյանքի Ճշմարիտ Հաց: Շնորհակալ եմ, որ մեզ տվել ես Քո գրված Խոսքը, որով մենք կարողանում ենք սնվել կյանքի հացից: Օգնիր մեզ ամեն օր սնվել Քո Խոսքով, որ մեզ պահող հաց է: Հիսուսի անունով, ամեն: