Սուրբ Հոգին տալիս է զանազանություն
Բանալի հատված՝ Գ Թագավորաց 14․1–9
1 Այդ ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան։ 2 Եվ Հերոբովամն ասաց իր կնոջը. Վե՛ր կաց, կերպարանքդ փոխի՛ր, որ քեզ չճանաչեն, թե դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով. ահա այնտեղ է Աքիա մարգարեն. նա ինձ համար ասել է, թե ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։ 3 Տասը հաց, բլիթներ ու մի փարչ մե՛ղր վերցրու և գնա՛ նրա մոտ, և նա քեզ կասի, թե ինչ պիտի լինի երեխայի հետ»։ 4 Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։ 5 Եվ Տերն ասաց Աքիային. Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. Քանի որ նա իրեն մեկ ուրիշն է ձևացնելու։ 6 Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու.
Այս պատմության մեջ Սելով գնալը կարող ենք օգտագործել որպես եկեղեցի՝ Աստծո Տուն մեջ գալու պատկեր, իսկ Աքիային տրված հայտնությունը՝ որպես Սուրբ Հոգու՝ ծածուկը բացահայտելու աշխատանքի օրինակ։
- Այո՛, կան նաև այլ դեպքեր, երբ ծածուկ մեղքը կամ խաբեությունը բացահայտվեց։
Թամարը ծածկեց իր դեմքը, և Հուդան չճանաչեց նրան։ Ծննդոց 38․13–26
Գաբավոնացիների խաբեությունը — Հեսու 9․3–22
Աքարի մեղքը — Հեսու 7․6–23
Գեեզիի ագահությունն ու սուտը — Դ Թագավորաց 5
Դավթի մեղքի բացահայտումը — Բ Թագավորաց 12
Անանիայի ու Սափիրայի մեղքը — Գործք Առաքելոց 5
Հերոբովամի տան մեղքը
Իսկ չորրորդ դեպքի մասին կխոսեմ քարոզի վերջում… Բոլոր չորս դեպքերում էլ Աստված բացահայտեց խաբեությունը։
Աքիայի աչքերը տկարացել էին, բայց նա լսում էր Տիրոջը։ Աստծո հայտնած խոսքն օգնեց նրան ճանաչել կերպարանափոխված կնոջը և բացահայտել թաքցված ճշմարտությունը։
1. Աղոթքով լսի՛ր Աստծո ձայնը, որպեսզի արտաքին տեսքից չխաբվես։
5 Եվ Տերն ասաց Աքիային.
Հերոբովամի կինը ներկայացավ փոխված կերպարանքով, բայց Տերն Աքիային հայտնեց նրա իրական ինքնությունը։ Մարգարեն առաջնորդվեց Աստծուց լսածով։
- Արտաքինը կարող է խաբել․ աղոթքով փնտրի՛ր Աստծո առաջնորդությունը։
Սա Դավիթի աղոթքն էր.
23 Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները. 24 Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը (Սաղմոս 139)։
Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի (Հակոբոս 1.5)։
2. Աստծո Խոսքով քննի՛ր լսածդ, որպեսզի գայթակղության մեջ ճանաչես խաբեությունը։
Եդեմում գայթակղությունը ներկայացվեց որպես ցանկալի ու օգտակար հնարավորություն։ Պողոսն էլ զգուշացնում է, որ սատանան կերպարանափոխվում է լույսի հրեշտակի։
1 Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ 2 Կինն ասաց օձին. Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, 3 բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք։ 4 Օձը կնոջն ասաց. Բնավ չեք մեռնի. 5 այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։ 6 Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ (ԾՆՈՒՆԴ 3)։
- Ամեն հաճելի առաջարկ Աստծուց չէ, և ամեն հոգևոր հնչող խոսք Նրա ձայնը չէ։ Զանազանություն ունենալ նշանակում է քննել առաջարկը՝ արդյոք այն համապատասխանում է Աստծո Խոսքին, թե մեզ հեռացնում է հնազանդությունից։
Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում (Բ Կոր. 11:14)
Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել (Ա Հով. 4.1)
- Գայթակղությունը ճանաչի՛ր նրա ուղղությունից․ այն քեզ մոտեցնո՞ւմ է Աստծուն, թե հեռացնում Նրա Խոսքից:
3. Հնազանդվի՛ր Աստծո հայտնած ճշմարտությանը, որպեսզի մերժես ու բացահայտես խավարը։
6 Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու. 7 գնա՛, Հերոբովամին ասա՛՝ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. Որովհետև ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից և քեզ իշխան դրեցի Իսրայելի իմ ժողովրդի վրա, 8 թագավորությունը խլեցի Դավթի տանից և տվեցի քեզ, սակայն դու չեղար իմ Դավիթ ծառայի նման, որը պահում էր իմ պատվիրանները և ամբողջ սրտով հետևում էր ինձ, որ միայն աներ այն, ինչ հաճելի էր երևում ինձ։
- Աքիան լսեց Աստծուն և հավատարմորեն փոխանցեց Նրա խոսքը։ Նա չմասնակցեց կնոջ ձևականությանը և չծածկեց Հերոբովամի անհնազանդությունը։
10 Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ 11 Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք, 12 որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ 13 Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, 14 քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է. Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը քեզ կլուսավորի (Եփեսացիս 5.10-14)։
- Հոգևոր զանազանությունը մեզ պատասխանատվության է կանչում․ հրաժարվել մեր իսկ թաքցրած մեղքից, մերժել գայթակղությունը և ճշմարտությունը խոսել սիրով ու խոնարհությամբ։
Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք (Հակոբոս 1.22)։
Աստծո ձայնը լսելու պտուղը ճշմարտությանը հնազանդվելն է։
Իսկ այժմ՝ այն չորրորդ խաբեության մասին, որը խոստացա նշել քարոզի վերջում։
Հայտնություն 13-ում տեսնում ենք մի խաբեություն, որը մարդկանց առաջնորդում է գազանի և նրա պատկերի երկրպագությանը։ Երկրորդ գազանն արտաքինից գառան նման եղջյուրներ ունի, բայց խոսում է վիշապի պես։
- Արտաքինը մի բան է ցույց տալիս, իսկ ձայնը բացահայտում է իրական բնույթը։
Ահա թե ինչու մեզ անհրաժեշտ է հոգևոր զանազանություն։ Մենք պետք է ճանաչենք ոչ միայն այն, ինչ տեսնում ենք, այլև՝ թե ում ձայնին ենք հետևում և ուր է այդ ձայնը մեզ առաջնորդում։
Հիսուսը զգուշացրեց․ Զգո՛ւյշ եղեք, որ ոչ ոք ձեզ չմոլորեցնի» (Մատթեոս 24․4):
Աքիան լսեց Աստծուն և ճանաչեց դիմակի հետևում կանգնած մարդուն։ Մենք էլ կարիք ունենք ճանաչելու մեր Հովվի ձայնը՝ բազմաթիվ ձայների մեջ։
Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են… և իմ հետևից գալիս են» (Հովհաննես 10․27):