9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Անվանեք Նրան…

Անվանեք Նրան…

Սուրբգրային հատված. Եսայի 9:1-7

I. Անվանեք Նրան Սքանչելի Խորհրդական 

Բառացիորեն՝ «խորհրդականի սքանչելիությունը»։ «Սքանչելի» բառը նշանակում է. «Սքանչելի, արտասովոր, գործելու սովորական կարողությունը գերազանցող»։ Այլ կերպ ասած՝ այս Աստված-մարդու խորհուրդը գերազանցում է մարդկային իմաստությունը։ Նա կարիք չունի, և ո՛չ էլ ցանկանում է խորհուրդ ստանալ որևէ մարդուց։

Հռոմեացիների 11:34-ը հիշեցնում է մեզ, որ Նրա դատաստանները և ճանապարհներն անքննելիորեն խորն են. «Որովհետև ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղավ Նրա խորհրդակից», – հարցնում է Պողոսը։ Եվ այս հարցը մինչ օրս դեռ անպատասխան է, որովհետև Նա գերբնական Խորհրդական է, և Նրա նմանը չկա։ Ցանկացած իրավիճակում, ամեն դժվարության դեպքում Նա ճշգրտորեն գիտի, թե ինչպե՛ս վարվել։ Նրա ծրագիրն անսխալական է և զարմանալիորեն ճիշտ է։ Եթե դուք ցանկանում եք առաջնորդություն ունենալ կյանքում, թույլ տվեք ծանոթացնել ձեզ այս Խորհրդականի սքանչելիությա՜նը։

II. Անվանեք Նրան Հզոր Աստված 

Բառացիորեն այս տիտղոսը նշանակում է՝ «հերոսական, ուժեղ Աստված»։ Այս Մանուկն Աստծո Որդին է՝ Աստվածության Երկրորդ Անձը, Ում պատկանում է Աստծո ամբողջ զորությունը։ Մեկ բառով ասած՝ Նա ամենակարող է։

Եթե միացնեք այս տիտղոսը նախորդին, կնշանակի, որ Աստված, Ով մարդ դարձավ, կարող է լիարժեք կերպով իրականացնել այն ամենը, ինչ ենթադրում են Իր բոլոր փայլուն ծրագրերը։ Ահա թե ինչու Նա կարող է ասել. «…Իմ խորհուրդը պիտի հաստատվի, և անում եմ Իմ բոլոր ուզածը» (Եսայի 46:10)։ Իրականում, այս Թագավորն այնքա՜ն զորավոր է, որ Նա կարող է կլանել ողջ չարիքը, որն ուղղված է Իր դեմ, մինչև որ այլևս չարիք չմնա, և միևնույն է՝ հաղթել թշնամուն։

Եվ այս հիասթափեցնող աշխարհում, որտեղ ես հակված եմ տկարանալուն և հոգնելուն, ինձ պետք է այնպիսի Թագավոր, ով արթուն կլինի ողջ գիշեր, մինչ ես վերականգնվում եմ քնիս մեջ, այնպիսի Հաղթող, Ով ի զորու է պահել Իր Խոսքը, և այնպիսի Փրկիչ, Ով կարող է քանդել մեղքի զորությունն իմ կյանքում։ Անվանե՛ք Նրան Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված։

III. Անվանեք Նրան Հավիտենության Հայր

Ոմանք թարգմանում են այս տիտղոսը որպես «Հավիտենական Հայր»։ Այս Մանուկը ամենալավ հայրը կլինի ինձ համար՝ սիրող, ինքնազոհաբերող, ով մշտապես ձգտում է լավագույնին ինձ համար։ Սաղմոս 103:13. «Ինչպես որ հայրը կգթա որդիներին, այնպես գթած է Տերը Իրենից վախեցողներին»։ Այս Թագավորի հայրական գթասրտությունը երբեք չի սպառվի։ Նա իմ Հավիտենական Հայրն է։

Միացրեք այս տիտղոսը երկու նախորդ տիտղոսներին, և կհասկանաք, որ իմ Սքանչելի Խորհրդականի արդյունավետ ծրագրերի նպատակը մշտապես լավագույնն է ինձ համար, և այդ ծրագրերն իրագործելու զորությունը մշտապես կանոնավորված է այն բանով, որ ես լինեմ Նրա ուղեկիցը, և Նա խորին ու սիրով լի մասնակցություն ունենա իմ կյանքում։ Ահա թե ի՛նչ է նշանակում՝ ունենալ «Հավիտենական Հայր»։

VI. Անվանեք Նրան Խաղաղության Իշխան

Նա կգերազանցի Իր բոլոր թշնամիներին, Նա կգրավի Իր ժողովրդի սրտերը, և այս Մանուկը սկիզբ կդնի այնպիսի բանի, ինչը, ըստ խոսք 7-ի, երբեք չի դադարի աճել, և Նա կանի այս ամենը առանց բռնի ուժ գործադրելու, այլ Իր թշնամիներին ապազինելու և խաղաղություն բերելու միոջոցով

Իմ Խորհրդականը միշտ ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ Իր մտադրություններն իրականացնելու համար, և Նրա սքանչելի ծրագրերը մշտապես և բացառապես կանեն այն, ինչը ճիշտ է և լավագույնն է ինձ համար, և Նա երբեք չի գործադրի Իր ուժն ընդդեմ ինձ և երբեք չի հարկադրի ինձ։ Նա ստանում է իմ հավանությունը և շահում է ինձ քաղցրությամբ, հավատարմությամբ և բարությամբ, որպեսզի ես ցանկանամ կատարել Նրա  կամքը։

Եսային տեսավ Նրա գալուստը, Ով լինելու էր Աստծո պատասխանը ձեր և իմ պես մեղավորների համար։ Նա տեսավ Հիսուսին՝ Սքանչելի Խորհրդականին, Ով եկավ իմաստությամբ և խորհրդով, այսինքն՝ կատարյալ ծրագրով։ Հետևե՛ք Նրան։ Որպես Զորավոր Աստված՝ Նա կիրագործի Իր նպատակները։ Սատանան նետեց Հիսուսի վրա այն ամենը, ինչ ուներ, բայց չկարողացավ խափանել այն ծրագրերը, որոնք Աստված նախատեսել էր Քրիստոսի միջոցով։ Թաքնվե՛ք Նրա ետևում։ Լինելով Հավիտենության Հայր՝ Նա անվերջ սիրում է մեզ։ Վայելե՛ք Նրա ներկայության մեջ լինելը։ Եվ որպես Խաղաղության Իշխան՝ Նա հաշտեցրեց մեզ, երբ մենք դեռ Նրա թշնամիներն էինք։ Վստահե՛ք Նրան և ընդունե՛ք Նրա իշխանությունը։

Ընկերնե՛ր, ես տալիս եմ ձեզ այս աշխարհի վերջին և մեծագույն Թագավորին՝ այն Թագավորին, Ով վերջ կդնի բոլոր թագավորներին, Ում թագավորությունը և խաղաղությունը երբեք չեն դադարի ընդարձակվել։ Ես տալիս եմ ձեզ այն Փրկչին, որի կարիքը բոլորս ունենք։ Ես տալիս եմ ձեզ այն Առաջնորդին, Ում բոլորս փափագում ենք։ Ես տալիս եմ ձեզ մարդու սրտի ամենամեծ հարցի պատասխանը՝ ես տալիս եմ ձեզ Հիսուսի՜ն։