Բանալի համար. ԶԱՔԱՐԻԱ 2.1-5
1 Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տեսա՝ ձեռքին չափալար։ 2 Եվ ասացի. Դու ո՞ւր ես գնում։ Եվ նա ինձ ասաց. Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը։ 3 Եվ ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս եկավ, և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ նրան ընդառաջ։ 4 Եվ նա ասաց. Վազի՛ր և ասա՛ այս երիտասարդին. Երուսաղեմն իր մեջ եղած մարդկանց և անասունների շատության պատճառով առանց պարսպի պիտի բնակեցվի։ 5 Եվ ես նրա համար շուրջ բոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ, ասում է Տերը, և նրա մեջ փառք պիտի լինեմ։
Տիրոջ տեսիլքը Հրեղեն Պարիսպի մասին
Զաքարիան տեսնում է մի տեսիլք այն օրերին, երբ Երուսաղէմի պարիսպները քանդուած էին, քաղաքը անպաշտպան էր, ժողովուրդը վախեցած։ Սակայն հենց այդ խառնաշփոթի ու տկարութեան մէջ Աստուած ասում է.
5 Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ։
Ո՛չ քարից, ո՛չ երկաթից, այլ՝ կրակով կառուցուած պարիսպ։
Այս խոստումը բացահայտում է երեք հրաշալի իրականություն մեր կյանքի մեջ այսօր՝
-
- Աստծո ներկայությունը,
- Աստծո պաշտպանությունը,
- Աստծո փառքը մեր մէջ։
ՀՐԵղԵՆ ՊԱՐԻՍՊԸ — ԱՍՏԾՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ամբողջ Սուրբ Գրքի ընթացքում կրակը խորհրդանշում է Աստծո կենդանի և գործնական ներկայությունը։
Ել. 13.21-22 – 21 Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։ 22 Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։
Կրակի սյունը Աստծո կենդանի ներկայության տեսանելի նշանն էր։
Այսօր նույն այդ կրակը Սուրբ Հոգու միջոցով բնակվում է հավատացյալի սրտում։
Գործք 2.3-4 — Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։
Այժմ այդ կրակը քո ներսում է՝ քեզ առաջնորդելու, մխիթարելու և զորացնելու համար։
ՀՐԵղԵՆ ՊԱՐԻՍՊԸ — ԱՍՏԾՈ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Կրակը որպես պաշտպանիչ պատնեշ
Ելից 14.9 — Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան և գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ…։
Ելից 14.19 — Աստծու հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, ելավ ու գնաց նրանց ետևից. ամպի սյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում.
Նույն Աստծո ներկայությունը, որը քեզ պաշտպանում է, խափանում է թշնամուն։
Երբ դու շրջապատված ես Աստծո կրակով, ոչ մի զենք չի կարող վնասել քեզ։
Եսայի 54.17 — Ամեն մի զենք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։
Դևերը չեն կարող անցնել Աստծո կրակի սահմանը։
Քո շուրջը կա անտեսանելի պատնեշ՝ կենդանի Աստծո ներկայությամբ։
որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է (Եբր. 12.29)։
- Կրակը՝ Փորձութեան Մեջ
Դանիել 3.23-27-ը պատմում է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի մասին։
Դան. 3.23 – Եւ այս երեք մարդիկը՝ կապուած ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջ։
26 Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։ 27 … նորանց մարմնի վրա կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չկար նորանց վրա։
Հալեցնող կրակը քեզ չի այրի, այլ կմաքրի։
ՀՐԵՂԵՆ ՊԱՐԻՍՊԸ — ԱՍՏԾՈ ՓԱՌՔԸ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ։
5 Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ, ասում է Տերը, և նրա մեջ փառք պիտի լինեմ։
Աստուած ոչ միայն պաշտպանում է քեզ՝ դրսից, այլ նաև լցնում է քեզ՝ ներսից։
Փառքը՝ Տաճարի Մեջ
Ելից 40 — 34 Եվ մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով։ 35 Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը։ 38 Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը վրանի վրա էր լինում, իսկ գիշերը դրա վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ՝ նրանց բոլոր ճամփորդությունների ընթացքում։
- Այդ նույն փառքը այսօր լցված է հավատացյալի սրտում։
Բ Կոր. 4.6 — Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց՝ Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ՔԱՂԱՔ
4 Եվ նա ասաց. Երուսաղեմն իր մեջ եղած մարդկանց և անասունների շատության պատճառով առանց պարսպի պիտի բնակեցվի։
Այսօրվա եկեղեցին ֆիզիկական պատեր չունի, այլ ունի հոգևոր պարիսպ՝ Սուրբ Հոգու կրակը։
Նույն կրակի սյունը, որը առաջնորդեց Իսրայէլին, այսօր առաջնորդում է Քրիստոսի եկեղեցին։
Նույն կրակը, որը պաշտպանեց նրանց Փարաւոնից, այսօր պաշտպանում է քեզ մեղքի և խավարի ուժերից։
Բարձրացրո՛ւ ձեռքերդ եւ աղաղակիր հավատքով՝
«Տե՛ր, եղի՛ր իմ Հրեղեն Պարիսպը։ Շրջապատի՛ր ինձ, պաշտպանի՛ր և լցրո՛ւ ինձ Քո փառքով»։
- Պահի՛ր կրակը վառ — Հոգին մի մարեք (Ա Թես. 5.19)։
- Հալեցնողի կրակը մաքրում է — (Մաղաքիա 3.2-3)։