Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Վախից մինչև Ազատություն

Բանալի խոսք. Հոբ 3.25-26

25 Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ։  26 Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել։

  • Անցյալ Կիրակի մենք տեսանք, որ վախը պարզապես զգացմունք չէ, այլ հոգևոր զենք, որը սատանան օգտագործում է մարդուն Աստծուց հեռացնելու համար։

Այսօր ուզում տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, երբ վախը մնում է չլուծված։

Չլուծված վախը երբեք միայն վախ չի մնում։

Այն անցնում է երեք փուլերով.

Վախ, Բարկություն, Աններողամտություն

Ծննդոց 4:5-6 — Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց։ Տերը Կայենին ասաց. Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել։

Սա Աստվածաշնչում «բարկություն» (חרה – charah) բառի առաջին հիշատակումն է։ Եբրայերեն חָרָה (charah) բառը բառացի նշանակում է «բորբոքվել», «այրել», «բոցավառվել»։ 

Այսինքն՝ բարկությունը ներկայացվում է որպես մի կրակ, որը սկսում է այրել մարդու ներսը։

Ինչո՞ւ բարկացավ Կայենը

Կայենի բարկության խորքում կային.

մերժված լինելու վախ, ինքնարժեքը կորցնելու վախ, համեմատության վախ, վերահսկողությունը կորցնելու զգացումը։

«Ադամ Որտե՞ղ ես… վախենում եմ» (Ծննդոց 3.9)

«Կայեն Ինչո՞ւ ես բարկացել» (Ծննդոց 4.6)

Վախը բացում է դուռը Դիվային ուժերի դիմաց

Հետաքրքիր է, որ Հոբը առաջին յոթ օրերի ընթացքում ոչ մի խոսք չասաց։

Հոբ 2.13 — Յոթ օր և յոթ գիշեր ոչ ոք խոսք չասաց նրան…

Նա լուռ էր։ Նա լսում էր։ Նա ցավի մեջ էր։

Հետո առաջին անգամ խոսեց… և առաջին խոսքերը լի էին ցավով, վախով և հուսահատությամբ։ 

Հակոբոս 1.19 — Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.

Չլուծված վախը դառնում է բարկություն

Հոբ 3:26 — Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել։

  • Եբրայերեն רגז (ragaz) — ներքին ցնցում, խռովություն, բարկության պայթյուն

Վախը ներսում երկար մնալուց հետո սկսում է փոխել մարդու արձագանքը։

ՀԻՇԵՔ. Բարկությունը երկրորդային զգացմունք է։ Շատ դեպքերում դրա արմատը վախն է։

Վիրավորանք, վերահսկողության կորուստ

Եփ. 4:26–27 — Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի… և տեղ մի՛ տվեք սատանային։

Պողոսը չի ասում, որ բարկությունը միշտ մեղք է։ Բայց եթե այն չլուծվի, այն դառնում է սատանայի մուտքի դուռ։

Աստվածաշնչյան օրինակ

Հովնան 4 — Հովնանը բարկացավ Աստծո վրա։

  • Ինչո՞ւ. Որովհետև նրա սրտի խորքում վախ կար։ 

Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար (Հովնան 4.2)

Նա վախենում էր, որ Նինվեն կապաշխարի։  Նա վախենում էր, որ իր մարգարեությունը սխալ կհամարեն։ Նա կորցրեց իր վերահսկողությունը և վախը վերածվեց բարկության։

Աստված հպվեց նրա սրտին և ասաց. «Մի՞թե լավ է, որ բարկացել ես դդմենու համար»։ Եվ նա ասաց. «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ» (Հովնան 4.9):

  • Սավուղ թագավորը

Ա Թագավորաց 18 — Սավուղը սկզբում վախեցավ Դավթից։

Ինչո՞ւ. «Որովհետև Տերը Դավթի հետ էր…»

Հետո այդ վախը դարձավ խանդ, Հետո բարկություն և Հետո սպանության փորձ։

Սավուղի ամբողջ կյանքը դարձավ Դավթին հետապնդելու մոլուցք։ Մի մարդու չլուծված վախը կործանեց ամբողջ թագավորությունը։

Բարկությունը վերածվում է աններողամտության
  • Եթե բարկությունը չի հանձնվում Աստծուն, այն կարծրանում է։ Այդ կարծրացած բարկությունը կոչվում է աններողամտություն։

Եբրայեցիներին 12.15 — Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա…

Ուշադրություն դարձրեք. Աստված չի ասում «դառնության պտուղ»

Նա ասում է արմատ։ Արմատը միշտ թաքնված է։

Ինչու է սատանան ուզում, որ մենք չներենք
  • Որովհետև աններողամտությունը կապում է մեզ անցյալի հետ, փակում է աղոթքը, խլում է խաղաղությունը։

Մատթեոս 18-ի — Անգութ ծառայի առակում Հիսուսն ասում է.

նա հանձնվեց տանջողներին, քանի դեռ չներեց։

ՀԻՇԵՔ. աններողամտությունը մարդուն հոգևոր տանջանքի մեջ է պահում։

26 Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել։

Ազատության Ճանապարհը
  • Ճանաչիր վախի արմատը

Հարցրու. «Ի՞նչ եմ ես իրականում վախենում կորցնել»։

Սուրբ Հոգին միշտ գնում է արմատին։

Դառնության Արմատը և Ազատության Ծառը (Neil Anderson)

ՊՏՈՒՂՆԵՐԸ (Տեսանելի դրսևորումներ)

Բարկություն

Դառնություն

Կոտրված հարաբերություններ

Հոգևոր կապանքներ

Մեղավորության և դատապարտության զգացում

Ամոթ և ընկճվածություն

Սրանք այն տեսանելի վարքագծերն ու դրսևորումներն են, որոնք ծնվում են սրտի չբուժված վերքերից։

ԲՈՒՆԸ (Սուտ հավատալիքներ)

«Ես ընդունված չեմ»։

«Ոչ ոք ինձ չի սիրում»։

«Ես երբեք չեմ փոխվի»։

«Ես երբեք չեմ ների»։

Սուտ մտածելակերպն ու հավատալիքներն են, որոնք սնուցում են այդ պտուղները։

ԱՐՄԱՏՆԵՐԸ (Թաքնված պատճառներ)

Վախ, Վիրավորանք, Հպարտություն, Չներողամտություն

Սրանք թաքնված խնդիրներն են, որոնք սնուցում են ամբողջ ծառը և պահում այն կենդանի։

Ազատության քայլերը
  1. Ընտրիր ներել։
  2. Բացահայտիր քո վերքերը։
  3. Հանձնիր դրանք Հիսուս Քրիստոսին։
  4. Փոխարինիր սուտը Աստծո ճշմարտությամբ։
  5. Ամեն օր քայլիր Քրիստոսի ազատության մեջ։
  • ՀԻՇԵՔ Հիսուսը՝ կատարյալ օրինակը

Գեթսեմանիում Հիսուսն ապրեց մարդկային ամենամեծ ճնշումը։ 

«Իմ անձը մահու չափ տրտում է»։

Բայց Նա չբարկացավ, չդառնացավ, չատեց։

Այլ Խաչի վրա ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց…» (Ղուկ. 23.34)

Նույն օրինակին հետևեցին Առաքյալները. Գործք 2-ից սկսած առաքյալների ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե Հուդայի, այլ Քրիստոսի վրա։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։