Բանալի համար.
Եբրայեցիս 11․24–25 — Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ.
Ելից 5.1-3 — 1 Եւ հետո Մովսեսն ու Ահարոնը եկան եւ ասեցին փարավոնին. Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. արձակիր իմ ժողովուրդին, որ անապատում ինձ համար տօն կատարեն։ 2 Եւ Փարավոնն ասաց. Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, և Իսրայէլին արձակեմ. Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելին էլ թույլ չեմ տալիս։ 3 Եւ նորանք ասեցին. Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ. հրամա՛ն տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատում և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն. միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա։
- Մովսեսի կյանքը մեզ սովորեցնում է, որ հավատքը միայն Աստծուն հավատալը չէ։ Հավատքը նաև մեղքին, աշխարհին և փոխզիջմանը «ոչ» ասելն է։
Աստված Մովսեսին չասաց՝ «Բանակցի՛ր փարավոնի հետ»։ Նա ասաց.
Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ անապատում Ինձ համար տոն կատարեն։ (Ելից 5․1)
-
Առաջին փոխզիջումը. «Երկրի մեջ զոհ մատուցեք»
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. Գնացե՛ք, ձեր Աստծուն զո՛հ մատուցեք այս երկրում։ (Ելից 8.25)
Փարավոնի առաջին առաջարկն այս էր. «Կարող եք երկրպագել ձեր Աստծուն, բայց մնացեք Եգիպտոսում»։
Փարավոնն ասում էր. «Երկրպագե՛ք, բայց մի՛ հեռացեք այն համակարգից, որի վրա ես իշխում եմ»։
Մովսեսը մերժեց այդ առաջարկը.
Ընդունելի չէ այդպես անել… Մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք անապատ և մեր Տեր Աստծուն զոհ մատուցենք, ինչպես Նա մեզ պատվիրի։ (Ելից 8․26–27)
- Այսօր նույն առաջարկը հնչում է այսպես.
Քրիստոնյա եղիր, բայց ապրիր աշխարհի պես։
Եկեղեցի գնա, բայց մի հրաժարվիր մեղքից։
Աղոթիր, բայց մի փոխիր կյանքդ։
Հիսուսի անունը կրի՛ր, բայց պահի՛ր աշխարհի արժեքները։
- Մովսեսը հասկացավ, որ հնարավոր չէ Աստծուն ընդունելի կերպով երկրպագել՝ միաժամանակ մնալով Եգիպտոսի ազդեցության ներքո։
Մարմնի գործերը հայտնի են, որոնք են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, կռապաշտություն…, գիջություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ… (Գաղատացիս 5․19–21)
Դեմասը Պողոսի գործակիցն էր, բայց նրա սիրտը դարձավ դեպի աշխարհը.
Դեմասն ինձ թողեց՝ այս աշխարհը սիրելով։ (Բ Տիմ. 4․10)
Առաջին փոխզիջումն ասում է. «Ծառայի՛ր Աստծուն, բայց մի՛ բաժանվիր աշխարհի մտածելակերպից»։
Մովսեսի պատասխանը սա էր. «Մենք այստեղ չենք մնալու»։
-
Երկրորդ փոխզիջումը. «Շատ հեռու մի՛ գնացեք»
Փարավոնն ասաց. Ես ձեզ կթողնեմ, որ գնաք և ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ (Ելից 8․28)
«Գնացեք, բայց շատ հեռու մի գնացեք»։
- Այսինքն՝ «Դուրս եկեք Եգիպտոսից, բայց այնքան մոտ մնացեք, որ անհրաժեշտության դեպքում կարողանաք վերադառնալ»։
- Սա ներկայացնում է այն քրիստոնյային, որն Աստծուն հետևում է, բայց դեռ կապված է իր անցյալի հետ։ Նա եկեղեցում է, սակայն սրտով շարունակում է նայել Եգիպտոսին։
Աստված նրանց հստակ պատվիրել էր.
Կյանքդ փրկի՛ր, հետ չնայե՛ս։ (Ծննդոց 19.17)
Ղովտի Կինը հետ նայեց ու աղի արձան դարձավ։ (Ծննդոց 19.26)
Հիսուսն ասաց. Հիշե՛ք Ղովտի կնոջը։ (Ղուկաս 17.32)
- Իսրայելացիները ֆիզիկապես դուրս եկան Եգիպտոսից, բայց հետագայում նրանցից շատերի սրտերը դեռ Եգիպտոսում էին.
Մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները։ (Թվոց 11․5)
- Հիսուսն ասաց. Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ (Մատթեոս 6․24)
- Աստծուն մոտենալու համար պետք է պատրաստ լինենք հեռանալ այն ամենից, ինչը մեզ կապում է հին կյանքի հետ։
Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. հներն անցան, և ահա ամեն բան նոր եղավ։ (Բ Կոր. 5․17)
Փարավոնն ասում է. «Հիսուսին հետևիր, բայց շատ հեռու մի գնա»։
Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչը վերցնի և Իմ հետևից գա։ Ղուկաս 9․23
Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, Աստծու արքայությանը հարմար չէ։ (Ղուկաս 9։62)
Մենք չպետք է Եգիպտոս վերադառնալու բաց դուռ թողնենք։
-
Երրորդ փոխզիջումը. «Թող միայն տղամարդիկ գնան» (Ընտանիք)
Փարավոնը նրանց ասաց. Ովքե՞ր են գնալու։ — Ելից 10․8
Մովսեսը պատասխանեց. Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր տղաներով և մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով և մեր արջառներով, որովհետև դա Տիրոջ տոն է մեզ համար։ (Ելից 10․9)
Բայց փարավոնն ասաց.
Ոչ այդպես, այլ գնացե՛ք դուք՝ տղամարդիկդ, և պաշտե՛ք Տիրոջը…։ (Ելից 10․11)
- Այսօր հոգևոր պատերազմը ոչ միայն անհատի, այլև ընտանիքի դեմ է։
- Սատանան նույնպես գիտի, որ եթե չկարողանա կանգնեցնել մեզ, կփորձի պահել մեր հաջորդ սերունդը։
Նա ասում է. Դու աղոթի՛ր, բայց ընտանիքիդ համար հոգևոր տեսիլք մի ունեցիր։
Դու եկեղեցի գնա, բայց քո տունը մի դարձրու երկրպագության վայր։
Հեսուն նույնպես հայտարարեց.
«Ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայելու»։ (Հեսու 24․15)
«Այս խոսքերը, որ այսօր քեզ պատվիրում եմ, քո սրտում թող լինեն։ Դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին»։ Երկրորդ (Օրինաց 6․6–7)
- Մովսեսի պատասխանը վճռական էր. «Բոլորս ենք գնալու»։
-
Չորրորդ փոխզիջումը. «Ձեր հոտերը թող մնան»
Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց. Գնացե՛ք և պաշտե՛ք Տիրոջը. թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները. ձեր ընտանիքներն էլ թող գնան ձեզ հետ»։ (Ելից 10․24)
- Այժմ փարավոնը պատրաստ էր բաց թողնել ամբողջ ժողովրդին, բայց ցանկանում էր պահել նրանց ունեցվածքը։
Այսիքն, հոգևոր կյանք առանց զոհաբերության։
Փարավոնի առաջարկն այս էր. Դուք կարող եք անձամբ գնալ, բայց ձեր ունեցվածքը թող մնա իմ իշխանության տակ։
Սատանան չի անհանգստանում այն երկրպագությունից, որը մարդուց ոչինչ չի պահանջում։ Սակայն իրական երկրպագությունը միշտ ունի զոհաբերության գին։
Մովսեսը պատասխանեց.
Մեր հոտերն էլ մեզ հետ պիտի գնան. դրանցից մի կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև դրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն զոհելու համար։ Մինչև այնտեղ գնալը մենք չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհենք Տիրոջը։ (Ելից 10․26)
«Ոչ մի կճղակ չպիտի մնա» նշանակում է՝ ամեն բան պատկանում է Աստծուն։
Քո կյանքը, ընտանիքը, ժամանակը, պարգևները կարողությունները և ունեցվածքը պատկանում են Աստծուն։
Պողոսն ասում է.
Ձեր մարմինները ներկայացրե՛ք որպես կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի զոհ. սա է ձեր բանական պաշտամունքը։ (Հռոմեացիս 12․1)
Ինչո՞ւ է փոխզիջումն այդքան վտանգավոր
- Փոխ-զիջումը սովորաբար սկսվում է փոքր զիջումով։
Մի՞թե չգիտեք, որ մի փոքր խմորն ամբողջ զանգվածն է խմորում։ (Ա Կորնթացիս 5․6)
Փոքր փոխզիջումը կարող է դառնալ մեծ կապանք։ Այն, ինչ մենք այսօր հանդուրժում ենք, վաղը կարող է իշխել մեզ վրա։
- Սամսոնի անկումը մեկ օրում չկատարվեց։ (Դատ.16)։
Մովսեսի հաղթանակի գաղտնիքը
Նա համբերեց՝ կարծես Անտեսանելիին տեսնելով։ Եբրա. 11․27
- Մովսեսը կարողացավ մերժել փարավոնի առաջարկները, որովհետև նա տեսնում էր մի բան, որը փարավոնը չէր տեսնում։
Նայելով Հիսուսին՝ հավատի զորագլխին և կատարողին։ Եբրայեցիս 12․2
- Մենք նույնպես երբեք չպետք է փոխզիջման գնանք մեղքի և սատանայի հետ։ Աստված փրկեց Իսրայելին Եգիպտոսից, և Քրիստոս Իր արյամբ մեզ ազատել է մեղքի իշխանությունից։
Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Հովհաննես 8․36
Փրկությունը Եգիպտոսից միայն դուրս գալը չէ։ Փրկությունը նաև Եգիպտոսը մեր սրտից դուրս հանելն է։
Այսօր Տերը մեզ կանչում է ամբողջական նվիրումի.
Ոչ մի փոխզիջում։ Ոչ մի վերադարձ դեպի աշխարհ։ Ոչ մի ընտանիքի անդամ ետևում։ Ոչ մի կճղակ Եգիպտոսում։ Ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։