ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼ 6:3-6
3 Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից և սատրապներից ավելի անվանի դարձավ, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին։
4 Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ՝ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։
5 Այն ժամանակ այս մարդիկ ասացին. Մենք Դանիելի դեմ մի պատրվակ անգամ չենք գտնի, բացի եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծու օրենքից։
6 Այն ժամանակ վերակացուները ու սատրապները հավաքվեցին թագավորի մոտ և այսպես ասացին նրան.
1. Դանիելի հոգևոր արժեքները
Նրա մեջ գերազանց հոգի կար
Նա հավատարիմ էր
Եվ Դանիելն ինքն է Աստծուն գոհություն հայտնում իրեն տրված իմաստության ու զորության համար (Դանիել 2։23)։
- Գործք 6։3–5-ում առաքյալները ծառայության պատասխանատվությունը վստահեցին բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի մարդկանց։ Այս սկզբունքը հիմք դարձավ նաև հաջորդ սերունդների ծառայողների համար։
3 Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ հոգու… 5 ընտրեցին Ստեփանոսին, որ Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր… (Գործք Առաքելոց 6:3-5)
Ահա թե ինչու Հիսուսն Իր առակում հավատարիմ ծառային ուղղված այս խոսքերն ասաց՝ «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա» (Մատթեոս 25։21, 23)։
Հիշե՛ք, որ հավատարմությունը Սուրբ Հոգու պտուղն է հավատացյալի կյանքում։ Այն ձևավորվում և աճում է դժվարությունների ու նեղությունների մեջ։
10 Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։
- Ինչո՞ւ էին Դանիելի պատուհանները բաց դեպի Երուսաղեմ
- Այդ քաղաքը դեռ ավերակների մեջ էր։ Բայց Դանիելը գիտեր, թե Աստված ինչ էր խոստացել Իր ժողովրդին։ «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, ես կայցելեմ ձեզ… որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ… (Երեմիա 29։10)։
- Դանիելն մոտ տասնհինգ տարեկան էր, երբ Ք. ա. մոտ 605 թվականին Բաբելոն տարվեց։
Այսինքն՝ մոտ վաթսունհինգ տարի էր անցել այն օրվանից, երբ պատանի Դանիելը որոշեց հավատարիմ մնալ Աստծուն (Դանիել 1։8), մինչև այն օրը, երբ տարեց Դանիելը ծնրադրեց իր պատուհանի առաջ (Դանիել 6։10)։
10 Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ։ 11 Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ 12 Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։ 13 Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ 14 Եվ ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը,- կվերադարձնեմ ձեր գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել էի ձեզ,- ասում է Տերը,- և ես ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից ձեզ տարագրել էի (Երեմիա 29:10-14):
2. Դանիելը հասկանում էր, որ հոգևոր պայքարն ուղղված էր իր աղոթքի դեմ
5 Այն ժամանակ այս մարդիկ ասացին. Մենք Դանիելի դեմ մի պատրվակ անգամ չենք գտնի, բացի եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծու օրենքից։ 7 ….Թագավորը մի հրաման արձակի, և արգելանք պարտադրվի, որ ոչ ոք, քեզնից բացի, ո՛վ թագավոր, երեսուն օր ոչինչ չխնդրի որևէ աստծուց կամ մարդուց, այլապես նա առյուծների գուբը գցվի։
- «Ինչպես նախապես անում էր»
Ուշադրությո՛ւն դարձրեք, թե Սուրբ Գրքում ինչպես է կրկնվում այս պահը։ Ի՞նչ են անում Աստծու մարդիկ, երբ լուր են ստանում։
Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց տուն և աղոթեց (Դանիել 6։10–11)։
Երբ Եզեկիան կարդաց սպառնալիքներով լի նամակը, գնաց Տիրոջ տուն, նամակը փռեց Տիրոջ առաջ և աղոթեց (Դ Թագավորներ 19։14–19, Եսայիա 37։14–20)։
Երբ Նեեմիան լսեց, որ Երուսաղեմի պարիսպները քանդված էին, լաց եղավ, ծոմ պահեց և աղոթեց (Նեեմիա 1։3–11)։
Երբ հավատացյալները լսեցին, թե իշխանավորներն ինչ էին ասել Պետրոսին ու Հովհաննեսին, միասին իրենց ձայնը բարձրացրին առ Աստված և խնդրեցին, որ Նա համարձակություն տա Իր Խոսքը հռչակելու համար (Գործք 4։23–31)։
16 Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և բերեցին Դանիելին ու նրան գցեցին առյուծների գուբը։ Թագավորն ասաց Դանիելին. Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ։ 17 Եվ մի քար բերեցին ու դրեցին գբի բերանին. թագավորն այն կնքեց իր կնիքով և իր մեծամեծների կնիքներով, որպեսզի Դանիելի նկատմամբ ոչինչ չփոխվի։ 18 Հետո թագավորը գնաց իր պալատը և գիշերն անցկացրեց ծոմապահությամբ. նվագարաններ բերել չտվեց իր առաջ, և քունը փախավ նրանից։
- Երբ կարդում եմ այս հատվածը, հիշում եմ Հիսուսի մահը։ Նրան դրեցին գերեզմանի մեջ, մեծ քար գլորեցին մուտքի առաջ, ապա քարը կնքեցին ու պահակներ դրեցին։
- Եվ ես պատկերացնում եմ այդ լռությունը, ասես ամբողջ երկինքը լռել էր։ Աշակերտների համար դեռ ուրբաթ օրվա ցավն էր։ Իսկ Հայրը գիտեր այն, ինչ նրանք դեռ չէին տեսնում։ Խաչը Աստծու փրկության ծրագրի մեջ էր, և նույն Աստվածը հարություն տվեց Իր Որդուն (Գործք 2։23–24)։
19 Ապա թագավորն արշալույսին կանուխ վեր կացավ և շտապ գնաց առյուծների գուբը. 20 երբ գբին մոտեցավ, տրտմագին ձայնով կանչեց Դանիելին։ Թագավորը խոսեց և ասաց Դանիելին. «Ո՛վ Դանիել, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին անդադար պաշտում ես դու, կարողացա՞վ քեզ ազատել առյուծներից»։
- Այն ժամանակ, երբ կանայք լուսաբացին մոտեցան գերեզմանին, հրեշտակը նրանց ասաց՝ «Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ» (Մատթեոս 28։6)։
21 Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ 22 Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել։ 23 Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։
Որովհետև ՆՐԱ ԱՌԱՋ ես անմեղ գտնվեցի։
ՔՈ ԱՌԱՋ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել։
- Պողոսն էլ այս երկու կողմերի մասին է խոսում, երբ ասում է, որ ջանում է մաքուր խիղճ ունենալ Աստծու և մարդկանց առաջ (Գործք 24։16)։
Եկեղեցի՛, Աստծու հետ առանձին անցկացրած ժամանակը պետք է երևա մարդկանց հետ մեր ապրելու ձևի մեջ։
Աստված մեզ ընտանիքի, եկեղեցու և աշխատավայրի մարդկանց հետ է կապում։ Այդ հարաբերություններում է երևում մեր ազնվությունը և գործնական ձև ստանում մեր սերը։
- Տեսե՛ք, թե ինչ եղավ, երբ Դանիելին գբից դուրս բերեցին։
Աստված ազատեց նրան։
Աստված վերականգնեց նրան։
Աստված ճանաչելի դարձրեց Իր անունը։ Գլխի սկզբում պաշտոնյաները հրովարտակ էին պահանջում, որով կարգելվեր աղոթել Աստծուն։ Գլխի վերջում Դարեհն ինքն է բոլոր ժողովուրդներին, ազգերին ու լեզուներին հռչակում, որ Դանիելի Աստվածը կենդանի է, Նրա թագավորությունը հավիտյան է, և Նա է ազատում ու փրկում (համարներ 25–27)։
- Քսանչորսերորդ համարը պատմում է մեղադրողների ու նրանց ընտանիքների նկատմամբ թագավորի խիստ դատաստանի մասին։
Մեր կյանքում Հռոմեացիներ 12։19–21-ը մեզ հորդորում է վրեժն Աստծուն թողնել և բարով հաղթել չարին։
- Իսկ Եբրայեցիներ 11։33–38-ը հիշում է և՛ նրանց, ովքեր փակեցին առյուծների բերանները, և՛ նրանց, ովքեր հավատքով դիմացան տառապանքին։ Երկու դեպքում էլ հավատքով ապրել նշանակում է կյանքդ վստահել Աստծուն։
Երբ Աստված քեզ ավելի մեծ պատասխանատվություն է տալիս, հավատարի՛մ եղիր վստահվածիդ մեջ։
Երբ հակառակության ես հանդիպում, դիմի՛ր Աստծուն և շարունակի՛ր աղոթել։
Երբ Աստված քեզ անցկացնում է փորձության միջով, պատմի՛ր մարդկանց, թե Նա ինչ արեց։